Բավ է պառակտվել
29-06-2022 19:58

Երևանում ատամնաբուժարանն անվճար բուժում կտրամադրի պատերազմում վիրավորված զինծառայողներին

«Access to care» հասարակական-բարեգործական կազմակերպության նոր ատամնաբուժական կլինիկայում անվճար ծառայություններ կտրամադրվեն արցախյան 44-օրյա պատերազմի վիրավորում ստացած մասնակիցներին, ինչպես նաև անհայտ կորած և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին։

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթնենը հայտնեց, որ բժշկական ծառայությունների հասանելիությունը կարևոր գործիք է, և ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աջակցել այս հարցում, գրում է «Արմենպրես»-ը։

«Բժիշկ Սարյանի կողմից այս կլինիկայի հիմնադրումն ուղղված է 44-օրյա պատերազմի (Արցախում - խմբ.) հետեւանքների վերացմանը։ Մենք հասկանում ենք, որ ռազմական գործողությունները բազմաթիվ կյանքեր են խլել, դժվար կլինի սփոփել ժողովրդի վիշտը, սակայն կլինիկայի ծառայությունները կօգնեն բարելավել նրանց առողջությունը»,- ​​ասաց նա։

Դեսպանը հավելեց, որ կլինիկան դառնալու է հայ և ամերիկացի մասնագետների փորձի փոխանակման հարթակ։

Կլինիկայի տնօրեն Հասմիկ Գրիգորյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ փորձում են երախտագիտություն հայտնել 44-օրյա պատերազմի քաջարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին։

Ատամնաբուժական կլինիկայում անվճար տրամադրվում են թերապևտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական ծառայություններ։ Շահառուների թվում են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքի անդամները (ամուսին, ծնող, 14 տարեկանից բարձր երեխաներ):