Բավ է պառակտվել
10-01-2021 09:45

Թորոսյանը նոր մեղմացումներ է խոստացել կարանտինի ռեժիմը երկարաձգելու դեպքում

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը չի խոչընդոտում տնտեսական գործունեությանը և չի փչացնում երկրի զբոսաշրջային գրավչությունը:

Հայաստանի առողջապահության նախարարությունը կառավարությանը առաջարկել է վեց ամսով երկարաձգել կարանտինի ռեժիմը: Էկոնոմիկայի նախարարությունը դեմ է հանդես եկել այս նախաձեռնությանը, կարծիք հայտնելով, որ այն խոչընդոտում է տնտեսական գործունեության աշխուժացմանը:

«Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհով է, որ հնարավոր է եղել մինչ օրս կիրառել բազմաթիվ հակահամաճարակային կանոններ, որոնք էլ ապահովում են համաճարակային վիճակի հարաբերականորեն կառավարելի վիճակը երկրում», - գրել է Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Անդրադառնալով «կարանտինային ռեժիմը չերկարաձգելու» կոչերին՝ այն համատեքստում, որ այս իրավական ռեժիմը տնտեսական բազմաթիվ դժվարությունների պատճառ է հանդիսանում, Թորոսյանը հարց է ուղղել.

«Կարանտինի իրավական ռեժիմն է արդյո՞ք տնտեսական դժվարությունների պատճառը, թե կորոնավիրուսային համաճարակը, որի դեմ կոչված են պայքարել «կարանտինի իրավական ռեժիմի» շրջանակներում գործող կանոնները: Տնտեսական դժվարությունների պատճառը համաճարակն է, որը հանգեցրել է բազմաթիվ խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների հարցում, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով այլ երկրներում նույնպես արտադրությունների սահմանափակումների և այլն: Եվ ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են տնտեսությունների ակտիվացմանը և ոչ թե` հակառակը:

Նա կոչ է արել չձևախեղել օրակարգերը և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա: նրա խոսքով, պարզապես անթույլատրելի է պատճառ-հետևանքային կապերի կամա թե ակամա ձևափոխումը: Կարանտինի իրավական ռեժիմը չէ տնտեսական դժվարությունների պատճառը. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է:

«Իսկ որոշ բացառությունների գծով կառավարությունը դեռ 2020 թվականի գարնանից գնացել է թուլացումների և հիմա էլ «կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ, որոնց մասին ձեզ կտեղեկացնենք մոտ օրերս: Հատուկ ուզում եմ անդրադառնալ տարբեր երկրների կողմից Հայաստանից ուղևորներ չընդունելու կամ Հայաստանը զբոսաշրջության համար ոչ անվտանգ երկիր համարելու հանգամանքին»,- գրել է Թորոսյանը:
Նա նշել է, որ դա կրկին պայմանավորված չէ կարանտինի ռեժիմով, ինչպես ժամանակին պայմանավորված չէր արտակարգ դրության ռեժիմով:
«Այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է կովիդի մոտ 300 նոր դրական դեպք: Այստեղ կրկին, պետք է տարբերակել պատճառը հետևանքից»,- գրել է Թորոսյանը:
Նախարարը բոլորին առողջություն է մաղթել և կրկին կոչ արել` պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները: