Բավ է պառակտվել
29-11-2019 23:14

Գիտնականներն ապացուցել են մեղրախոտի օգտակարությունը շաքարախտով հիվանդների համար

Մեղրախոտին (ստեվիա) բնական քաղցրություն են հաղորդում ստեվիսիդներ կոչվող միացությունները, որոնք ունեն հակահիպերտենզիվ, հակաբորբոքային, հակաուռուցքային, հակափորլուծության, միզամուղ և իմունոմոդուլացնող հատկություններ: Մեղրախոտը նաև չի պարունակում կալորիաներ, չի առաջացնում ատամների քայքայում: Սակայն հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ առավելություն:

Հետազոտություն
Հայաստանի գիտնականները ուսումնասիրել են suprol ճարպապրոտեինի գործողության մեխանիզմը և պարզել, որ այն կարող է ձևափոխել ազդանշանային կարևոր ուղիները և դրական ազդեցություն ունենալ 2-րդ տիպի շաքարախտի դեպքում՝ ադրենալինի օքսիդացման միջոցով: Հետազոտությունը տպագրվել է BMC Complementary and Alternative Medicine ամսագրում։

“Հիմնվելով այս արդյունքների վրա, հետազոտողները եզրակացրել են, որ S. rebaudiana-ի տերևներից ստացվող սուպրոլը կարող է մոդուլացնել redox (reduction-oxidation reaction) կարգավորվող ազդանշանային ուղիները և դրական դեր ունենալ 2-րդ տիպի շաքարախտի դեպքում՝ ադրենալինի օքսիդացման միջոցով”, - գրում է BMC- ն:

Ադրենալինը հորմոն է, որը ներգրավված է գլյուկոզայի արտադրության և լյարդից դրա հետագա արտազատման պրոցեսում։ Ադրենալինի օքսիդացումը հանգեցնում է ադրենոքրոմի ձևավորմանը, միացություն, որն իջեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Հետազոտողները կարծում են, որ S. rebaudiana տերևների հակաշաքարախտային ակտիվությունը պայմանավորված է սուպրոլի՝ ադրենալինն օքսիդացնելու ունակությամբ, ինչն, ի վերջո, հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազմանը:

Չնայած ստեվիան 30 անգամ ավելի քաղցր է շաքարից, այն չի բարձրացնում շաքարի մակարդակն, ունի շատ թույլ արտահայտված համ, ինչի շնորհիվ ներկայումս համարվում է շաքարի լավ փոխարինող շաքարախտով հիվանդների համար: