Բավ է պառակտվել
27-01-2020 17:29

Գիտնականները պարզել են, ինչպես են հայտնվում ճերմակ մազերն ու ինչպես պայքարել դրա դեմ

Գիտնականներն Ամերիկայից և Բրազիլիայից պնդում են, որ բացահայտել են սթրեսի հետևանքով մազերը ճերմակելու կենսաբանական մեխանիզմը։ Հայտնաբերությունը հետագայում կարող է օգնել կանգնեցնե այդ պրոցեսն՝ չներկելով մազերը։

Նախկինում ևս մարդիկ կարծում էին, որ ճերմակում են երկու պատճառով․ տարիքի հետ կապված և մեծ վշտից, վախից ու ցավից։ Մինչ օրս, ճերմակ մազերի դեմ պայքարի այլ միջոց, ներկելուց բացի, չի հայտնաբերվել։

Այժմ դա գիտականորեն հաստատվել է։ փորձի ընթացքում Հարվարդի և Սան-Պաուլուու համալսարանների գիտնականներն ապացուցել են, որ մազերին և մաշկին գույն հաղորդող մելանին նյութի արտադրության համար պատասխանատու են որոշակի ցողունային բջիջները (մելանոցիտները), և որ դրանք ակտիվորեն ոչնչանում են սթրեսի արդյունքում։ Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։

Տղամարդիկ և կանայք կարող են սկսել ճերմակել 30 տարեկանից հետո ցանկացած տարիքում։ Այս պրոցեսի սկիզբը և արագությունը որոշվում է հիմնականում ժառանգականությամբ․ ձեր ծնողների ճերմակելու տարիքը կարող է հուշել, թե երբ դա տեղի կունենա ձեզ հետ։

Սրանում որոշակի դեր է խաղում նաև տարված սթրեսը, սակայն գիտնականները մինչ օրս լիովին չէին հասկանում, ինչպես է սթրեսը կապված մազերի գունաթափման հետ։

Հայտնագործությունը կատարվել է պատահականորեն․ մկների վրա փորձեր անցկացնելիս հետազոտողները նկատել են, որ ուժեղ վախ կամ ցավ զգացած մկների մուգ գունավորումը մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջովին փոխվել է սպիտակի։

“Վնասն անդառնալի է”

Ցավի կամ ուժեղ բացասական հույզերի հետևանքով օրգանիզմում արտադրվում է ադրենալին և կորտիզոլ, ինչի արդյունքում արագանում է սրտի բաբախը, բարձրանում է արյան ճնշումը, ինչպես նաև մահանում են մազերի ֆոլիկուլներում պարունակվող մելանոցիտները։

“Մենք միշտ գիտեինք, որ ուժեղ սթրեսը վնաս է օրգանիզմին, բայց չէինք պատկերացնում դրա աստիճանը։ Եվ ամենակարևորը, հիմա մենք հասկանում ենք, ինչպես է աշխատում այդ մեխանիզմը”,- ասել է Հարվարդի պրոֆեսոր Յա Ցիեսուն։

Ցավից և վախից մուգ մկները մի քանի շաբաթում ճերմակում էին, ընդ որում, գունանյութ արտադրող բջիջներն ամբողջովին մահանում էին հենց առաջին օրերին։

“Երբ այդ բջիջներն ամբողջովին մահանում են՝ գունավորումն այլևս հնարավոր չէ վերականգնել, վնասն անդառնալի է”,- ասում է գիտնականը։

Համեմատելով փորձերին մասնակցող և չմասնակցող մկների գեները, գիտնականները պարզել են, որ մելանոցիտների մահվան պատճառ դարձած քիմիական ռեակցիաները պայմանավորված են որոշակի սպիտակուցների՝ ցիկլինից կախված կինազների առկայությամբ։

Հետագա փորձերի ընթացքում պարզվել է, որ դրանց ներգործությունն արգելափակում են որոշ դեղամիջոցներ, որոնք սովորաբար օգտագործվում են արյան ճնշումը նվազեցնելու համար։

Այս սպիտակուցների արգելափակումը թույլ տվեց կանգնեցնել մկների մորթու գունափոխումը։

Հետազոտության արդյունքները հույս են ներշնչում, որ հնարավոր կլինի ստեղծել ինչպես սթրեսերի, այնպես էլ տարիքի պատճառով “ճերմակելու դեղամիջոց”։

BBC- ին տված հարցազրույցում պրոֆեսոր Յա Ցիեսուն նախազգուշացրել է, որ գիտությունը գտնվում է այս ճանապարհի սկզբում, և որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի վերականգնել արդեն ճերմակած մազերի բնական գույնը։

Բացի այդ, ըստ պրոֆեսորի, այս ուսումնասիրությունը պատկերացում է տալիս, թե ինչպես սթրեսը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի տարբեր մասերի վրա: