Բավ է պառակտվել
05-08-2022 13:58

Գիտնականները կապ են գտել օդի աղտոտվածության և աուտիզմի միջև

Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ցույց են տվել, որ օդի աղտոտվածությունը, որը տարածված է քաղաքային միջավայրում, կարող է հանգեցնել ուղեղի զարգացման և սոցիալական վարքի խանգարման՝ առաջացնելով այնպիսի նյարդաբանական վիճակներ, ինչպիսին է աուտիզմը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cell Reports ամսագրում։

Փորձերի ընթացքում մասնագետները հղի էգ մկներին տեղադրել են աղտոտված օդի պայմաններում, որը պարունակում էր դիզելային շարժիչներից արտանետվող գազերի մասնիկներ: Հղիության վերջում կենդանիները ենթարկվել են լրացուցիչ սթրեսային գործոնի՝ բույն կառուցելու համար նյութերի պակասի:

Արդյունքները ցույց են տվել, որ սթրեսի ենթարկված մայր մկները շարունակել են խնամել իրենց ձագերին նույնքան ուշադիր, որքան կենդանիները նորմալ պայմաններում: Այնուամենայնիվ, արու ձագերը դադարել են ճիշտ ընկալել սոցիալական ազդանշանները ողջ կյանքի ընթացքում։ Օրինակ՝ նրանք խուսափում էին այլ մկների ընկերակցությունից և նախընտրում էին ժամանակն անցկացնել դեղին ռետինե բադի հետ։ Հասուն տարիքում նախկինում չշփվող մկները, ընդհակառակը, բարձրացրել են իրենց հաղորդակցականության մակարդակը։

Հետազոտողները պարզել են, որ արու սերունդը սինապսների ավելցուկ է ունեցել առջևի գոտու կեղևում, որը կարևոր է սոցիալական հարաբերությունների համար: Սա կարող է բացատրել ամաչկոտության բարձր մակարդակը, բայց դեռ հայտնի չէ, թե ինչպես են սթրեսային գործոնները փոխում ուղեղի նորմալ զարգացումը: Աշխատանքի հեղինակները ենթադրում են, որ դրանում առանցքային դեր ունեն միկրոգլիաները՝ կենտրոնական նյարդային համակարգի իմունային բջիջները, որոնք քայքայում են թույլ կամ չաշխատող սինապսները։

Մարդկանց մոտ աուտիզմը պարտադիր չէ, որ կապված լինի ինտրովերտիայի հետ, ավելի շատ կապված սոցիալական ազդանշաններն ու պայմանականությունները չհասկանալու հետ: Արդյունքները ցույց են տալիս, որ աուտիզմի զարգացման ռիսկը կարող է ավելի մեծ լինել այն երեխաների շրջանում, ովքեր ապրում են աղքատ շրջաններում, որտեղ օդի աղտոտվածության մակարդակը բարձր է։ Ենթադրվում է, որ միկրոգլիաների ակտիվությունը կարգավորող դեղամիջոցները կարող են կանխել սթրեսային գործոնների ազդեցությունը նյարդային համակարգի վրա։