Բավ է պառակտվել
22-02-2017 12:23

Գիտնականները պարզել են, թե երեխաների ճարպակալումը որքանով է կախված ծնողների գեներից

Երեխայի ճարպակալման վտանգը մոտ 35-40%-ով կախված է ծնողների գեներից և էպիգենետիկ գործոններից, որոնք փոխանցվում են նոր սերնդին. Այս մասին գիտնականները հայտնել են «Economics and Human Biology» ամսագրում հրապարակված հոդվածում:
« Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ գեր ծնողների երեխաները տարիքի հետ գիրանալու ավելի մեծ շանսեր ունեն: Պարզվեց, որ ծնողական ժառանգականությունը ամենագեր երեխաների վրա երկու անգամ ավելի ուժեղ է ազդում, քան ամենանիհար դպրոցականների և նախադպրոցական տարիքի երեխաների վրա: Այս բացահայտումը մեզ պետք է ստիպի վերաիմաստավորել այն, թե մի կողմից՝ որքանով է ճարպակալումը պայմանավորված գենետիկ գործոններով, և մյուս կողմից՝ մեր վարվելակերպով»,- հայտարարել է Սեսեքսի համալսարանից (Մեծ Բրիտանիա)Պիտեր Դոլտոնը(Peter Dolton):
Դոլտոնն ու տնտեսագիտության լոնդոնյան դպրոցից(Մեծ Բրիտանիա) նրա գործընկեր Միմի Սյաոն(Mimi Xiao) նման եզրահանգման են եկել վերլուծելով Եվրոպայում, Ամերիկայում, Չինաստանում, Մեքսիկայում և Ինդոնեզիայում մոտ հարյուր հազար երեխաների և նրանց ծնողների առողջությանը հետևած գիտնականների տասնյակ խմբերի հավաքած տվյալները:
Գիտնականներին հետաքրքրել է այն, ինչը հանգեցնում է ճարպակալման՝ յուրաքանչյուր մարդու անհատական հոգեբանական կարողությունները և ինքնահսկողության բացակայությունը, կամ ինչ-որ գենետիկ գործոններ, որոնք խախտում են օրգանիզմում սննդարար նյութերի շրջանառությունը կամ ուղեղում գտնվող ախորժակի և հագեցվածության կենտրոնների աշխատանքը: Այս տեսություններից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ ապացույցներ հավաքած կողմնակիցներ:
Վերլուծելով տարբեր դիետիկ սովորություններ և ճարպակալման տարածվածության տարբեր մակարդակներ ունեցող երկրների տվյալները Դոլտոնն ու Սյաոն փորձում էին հասկանալ, թե այս երկու վարկածներից որն է ճիշտ: Դրա համար գիտնականները համադրել են երեխաների և նրանց ծնողների մարմինների զնգվածների ինդեքսները և ստուգել են՝ արդյո՞ք դրանց միջև կապ կա:
Պարզվել է, որ նման կապ իրոք գոյություն ունի, և այն նկատվել է ինչպես աշխարհի «ամենագեր» երկրում՝ Միացյալ Նահանգներում, այնպես էլ «ամենանիհարում»՝ Ինդոնեզիայում: Միջինում, երեխայի ճարպակալման հավանականությունը 35-40%-ով կախված է այն բանից՝ արդյոք նրա ծնողները ավել քաշ ունեցե՞լ են, թե՝ ոչ:
Ամենակարևորն այն է, որ այդ հավանականությունը նիհար և գեր երեխաների համար տարբեր է եղել: Օրինակ նիհար երեխաների համար այդ ցուցանիշը կազմում է 20%, իսկ գեր երեխաների համար գերազանցել է 60%-ը: Նման տարբերություններն, ըստ գիտնականների, փաստում են, որ ճարպակալումը մի սերնդից փոխանցվում է մյուսին, և խոսում են դրա զարգացման հարցում գենետիկ և էպիգենետիկ գործանների դերի մասին: Վերջիններիս են պատկանում աղիների միկրոֆլորայի յուրահատկությունները, կամ ԴՆԹ-ի մակերեսի վրա գտնվող հատուկ սպիտակուցային նշանները:
Դոլտոնի կարծիքով այս ամենը հարկավոր է հաշվի առնել ճարպակալման դեմ պայքարի մեթոդներ մշակելիս:
Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել այն երեխաներին, ում ծնողները կամ բարեկամները ավելորդ քաշ ունեն: Գիտնականները հույս ունեն, որ նման մոտեցումը թույլ կտա կրճատել ճարպակալման համաճարակի տեմպերը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում: