Բավ է պառակտվել
11-07-2022 19:25

Հայաստանում անպտղության մակարդակը գերազանցել է ԱՀԿ սահմանային ցուցանիշը

Հայաստանում անպտղության մակարդակը գերազանցել է ԱՀԿ սահմանային մակարդակը. Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի սեռական և վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը՝ ներկայացնելով «Անպտղության տարածվածությունը Հայաստանի բնակչության շրջանում» հետազոտության արդյունքները։

Բեգլարյանը նշել է, որ անպտղության դեպքերի 16.8%-ից 1.7%-ը առաջնային է, 15.1%-ը՝ երկրորդային։

«Ըստ ԱՀԿ դասակարգման՝ անպտղության 15%-ը սահմանային է, այս նշագծից բարձր ցուցանիշը մտահոգիչ է: Կարևոր է հասկանալ, թե ինչու է մեզ մոտ անպտղության մակարդակի բարձրացում»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ 2009թ.-ի տվյալների համեմատ հանրապետությունում առաջնային անպտղության մակարդակը նվազել է հատկապես կանանց շրջանում (5,7%-ից հասնելով 1,3%), իսկ երկրորդային անպտղության ցուցանիշն, ընդհակառակը, աճել է, և այս հարցում հարցում ավելի մեծ դերակատարում ունեն տղամարդիկ.

«եթե 2009 թվականին երկրորդային անպտղությունը տղամարդկանց մոտ 2,8 տոկոս է կազմել, այս հետազոտության համաձայն ներկայումս կազմում է 17,6 տոկոս։ Կտրուկ աճ է արձանագրվել, անհրաժեշտ է ավելի խորացված հետազոտություն իրականացնել՝ հասկանալու, թե որոնք են հիմնական պատճառներն»,- ասել է նա։ .

Անպտղության հնարավոր պատճառների թվում Բեգլարյանը նշել է արգանդի ու ձվարանների հետ կապված խնդիրները, էնդոկրին խանգարումները, բորբոքային հիվանդությունները, սեռավարակները։

«Հետազոտության արդյունքների համաձայն՝ երկրորդային անպտղությամբ կանանց 35%-ը կեսարյան հատում է ունեցել, 54%-ը՝ արհեստական ​​աբորտ, պետք է ավելի խորը ուսումնասիրություն կատարենք, քանի որ մեր հետազոտությունը քանակական էր և հիմնված էր հենց մարդկանց խոսքերի վրա»,- ասել է նա։

Տղամարդկանց մոտ անպտղության հիմնական պատճառներն, ըստ մասնագետի, բորբոքային հիվանդություններն են, ՍՃՓՀ-ները, սերմնահեղուկի հետ կապված խնդիրները և այլն։

Նրա խոսքով, առաջնային անպտղությունը առավել հաճախ հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, երկրորդայինը՝՝ Վայոց ձորում, Շիրակի մարզերում և Երևանում։