Բավ է պառակտվել
15-02-2019 16:37

Հայաստանում կստեղծվի մանկական ուռուցքաբանության առաջին պալիատիվ ծառայությունը

Հայաստանի Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում մոտ ժամանակներս կստեղծվի մանկական ուռուցքաբանության առաջին պալիատիվ ծառայությունը, հայտնել է Հայաստանի առողջապահության մամլո ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության, պալիատիվ բաժանմունքը կգործարկվի Sity of Smile բարեգործական հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ։ Այս հիմնադրամը անգնահատելի դեր է խաղում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների բուժման հարցում՝ ամբողջովին իր վրա վերցնելով նրանց բուժման ծախսերը։

Նախարարությունը նաև սերտ համագործակցում է “Հայաստան-Արցախ” հիմնադրամի հետ, որի շնորհիվ տարվա սկզբից երեխաներին արդեն հատկացվել են հակաուռուցքային դեղամիջոցներ։

Առողջապահության նախարարությունում նշել են, որ սկսած 2018 թվականից հայ երեխաները կարող են օգտվել նաև ողնուղեղի աուտոփոխպատվաստումից։ Օրերս Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում միավորվել են մանկական ուռուցքաբանական և արյունաբանական բաժանմունքներն, ինչի արդյունքում կբարձրանա երեխաների մոտ քաղցկեղի դեմ պայքարի համակարգման մակարդակը, և հայ երեխաները ստիպված չեն լինի բուժում ստանալու համար արտասահման մեկնել։

Վիճակագրություն և բուժման մեթոդներ

Համաձայն գերատեսչության տվյալների, Հայաստանում քաղցկեղով տարեկան հիվանդանում է 18 տարեկանից ցածր 80 -100 երեխա։ Մանկական բոլոր քաղցկեղների գրեթե 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է մոտ 75-80% կատարյալ առողջացում երեխաների մոտ։

Տարեկան գրանցվում է շուրջ 40-50 մանկական տեղակայված ուռուցքների առաջնակի դեպք, որոնց թվում ամենից հաճախ հանդիպողներն են կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները, երիկամների ուռուցքները։

Առողջապահության նախարարությունում ընդգծել են, որ ներկայումս Հայաստանում հնարավոր է հիվանդ երեխաների լիարժեք բուժումը ստանդարտացված ամերիկյան և եվրոպական սխեմաներով, բարձր դոզային քիմիաթերապիայի կիրառմամբ։

Դեղորայքի ձեռբերում

Գերատեսչությունում նշել են, որ ուռուցքաբանության ոլորտն առողջապահության նախարարության գործող քաղաքականության գերակա ուղղությունն է։ Նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ 2019 թվականին դեղորայքի կենտրոնացված գնումների ոլորտում կատարվել են լրջագույն փոփոխություններ՝ ապահովելով չգչանցված, բայց կենականորեն անհրաժեշտ դեղերի հասանելիությունը։

Այսպիսով, ասվել է մամլո հաղորդագրության մեջ, մանկական քիմիաթերապիան պատշաճ կազմակերպելու համար Հայաստանի առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատուի կողմից որպես առաջնահերթություն ներկայացված չգրանցված դեղերի ցանկից 2019 թվականին ձեռք է բերվել 14 անվանում հակաուռուցքային դեղ` 1 տարվա կտրվածքով:

Առողջապահության նախարարությունում ընդգծել են, որ ծրագրերն այս ոլորտում շարունակական բնույթ են կրում։

2002 թվականից ի վեր ամեն տարի փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել այս հիվանդության վերաբերյալ տեղեկացվածությունը, օգնել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: