Մարտի 19-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 122-ի․հաստատվել է 7 նոր դեպք: Այս մասին հինգշաբթի Միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
“Մարտի 19-ի առավոտյան դրությամբ մենք ունենք 7 նոր դեպք, որոնք կապված են Երևանի արտադրամասում բռնկված օջախի հետ: Նրանք ի սկզբանե եղել են մեր ուշադրության կենտրոնում: Մի կողմից՝ սա լավ է, քանի որ մենք կարող ենք վերահսկել այս արտադրամասում վարակվածների թվի հավանական աճն”,- ասել է Թորոսյանը:
COVID-19 կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրում հայտարարել է արտակարգ դրություն։
Ընդհանուր առմամբ, մարտի 19-ի դրությամբ, Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 122-ն է։ Վարակվածների մեծամասնությունն, այդ թվում՝ մեկ դպրոցական, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասերից մեկում վարակվածանձի հետ շփում ունեցած մարդիկ։
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ին, հիվանդն արդեն առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։