Բավ է պառակտվել
12-06-2020 22:37

ՀՀ –ում կոնտակտավոր անձանց այլևս չեն թեստավորում․

Հռիփսիմե Հովհաննիսյանի 12 հոգանոց ընտանիքի երկու անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրոս։ Հռիփսիմեն նշում է, որ նրանց ախտանիշները շատ տարբեր են եղել, հետևաբար չեն դիմել պոլիկլինիկա։
«Տան բոլոր անդամների մոտ եղել են ախտանշաններ, բայց շատ տարբեր։ Մեկի մոտ գլխացավ, մյուսի մոտ սրտխառնոց, մյուսի մոտ փորլուծություն, մյուսի մոտ աչքի թաղանթի բորբոքում։ Բայց քանի որ ամուսնուս հայրիկը շաքարային դիաբետ ուներ, մենք բոլոր անվտանգության կանոնները պահպանում էինք»։
Բայց հինգ օր առաջ ամուսնու հայրիկի ջերմությունը կտրուկ բարձրացել է, շտապ օգնություն են կանչել։ Մեկ ժամ անց են միայն կարողացել նրան հոսպիտալացնել, քանի որ վերակենդանացման բաժանմուքներում ազատ տեղ չի եղել։ Տեղափոխել են Աստղիկ ԲԿ, որտեղ բոլոր բուժծառայություներն իրակացվում են վճարովի հիմունքներով։ Հռիփսիմեն ասում է, որ այս պահին իրենց մտահոգությունը այլ է։ Պոլիկլինիկաներն ընտանիքի անդամներին անվճար չեն թեստավորում՝ նշելով, որ նրանք ախտանշաններ չունեն։
«Պոլիկլինիկային մենք հորդորում ենք, որ մեր բազմանդամ ընտանիքին անվճար տեստավորեն։ Ասում են դուք ախտանիշներ չունեք, հետևաբար չենք կատարի։ Բայց սկեսրայրիս մոտ էր անախտանիշ։ Հիմա կարողա 14 օր հետո մեր մոտ նոր ի հայտ գա։ Ու մենք այսպես նստենք սպասենք։ Ո՞նց կլինի»։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ նմուշառման և թեստավորման գործընթացում փոփոխություններ են եղել։ Եթե նախկինում ախտանշաններ ունեցողներին բոլորին հոսպիտալացում էին, հիմա ըստ հիվանդի վիճակի են որոշում՝ հոսպիտալացնել, թե՞ ոչ։ Եվ եթե նախկինում կոնտակտավոր անձանց թեստավորում էին, ապա այժմ ոչ բոլորին են թեստավորում ։ Սա չի վերաբերում այն կոնտակտավորներին, որոնք ռիսկային խմբում են և ունեն քրոնիկ հիվանդություններ։
«Եթե կոնտակտավորների շրջանում կան բժշկական ցուցումով անձիք, ապա նրանք տեստավորվում են։ Իսկ եթե կոնտակտավորները չունեն որևէ ախտանշան, ապա թեստավորում չի կատարվում։ Ախտանշաներ են 38 աստիճան տաքությունը , համի հոտի բացակայություն այլն։
Հռիփսիմեն ասում է, որ այս պահին իրենց ընտանիքի անդամներն ախտանշաններ չունեն։ Բայց սպասողական ու անորոշ վիճակում երկար մնալ չեն կարող, հետևաբար տարբեր բուժհաստատություններում հերթագրվել են, որպեսզի վճարովի հիմունքներով տեստեր հանձնեն։
«Մենք ինքնամեկուսացել ենք , պարետատնից զանգեցին ու ասեցին։ Բայց ով պետք է հոգա մեր ապրելու խնդիրները, այսիքն ինչ–որ մեկը մեզ պետք է հաց ու ջուր մատակարարին։ Մենք չենք կարող նստել ու սպասել, դիմել ենք, որ վճարովի հանձնենք ու շուտ պատասխան ստանանք։ Բայց այս դեպքում մենք 10 հոգի ենք, ու դա ահռելի մեծ գումարը է ,հատկապես այս ժամանակահատվածում , երբ չենք աշխատում»։
Գայանե Սահակյանն ասում է, որ եթե սիմպտոմներ չկան, կարիք չկա անհանգստանալու, թեստ հանձնելու ու լաբորատորիաները ծանրաբեռնելու։ Իսկ նախկինում նմուշառում արվում էր բոլոր կոնտակտավորներից՝ վարակի օջախները հայտնաբերելու ու հսկողությունը լիրաժեք դարձնելու համար։
«Դեպքերը շատացել են ու դեպքերի այս վերարտադրողական գործակիցը նվազել է։ Օրինակ դեպքեր ենք ունեցել, որ մեկ հոգին 19 հոգու վարակել է։ Այժմ այդ ինտենսիվությունը նվազել է։ Մեկ մարդը վարակում է մեկ մարդու։ Սա նշանակում է, որ շրջապատում վարակվածների թիվը շատ է։ Հետևաբար պետք չէ ծանրաբեռնել լաբորատորիաները»։
Եթե նախկինում 14-օրյա բուժումը ավարտվում էր, ապա պացիենտից ևս մեկ նմուշառում էր կատարվում։ Հիմա այդ նմուշառումը կատարվում է միայն այն դեպքերում, երբ անհրաժեշտություն կա։
«Մենք պետք է հասկանանք նպատակը․ վիրուսը իր վարակելիությունը կորցնում է 11–րդ օրում։ Եթե թեստը անգամ 14 –րդ օրը ցույց տվեց դրական,միևնույնն է այդ մարդն իր շրջապատի համար վտանգավոր չի կարող լինել»։
Քանի դեռ համաճարակային իրավիճակը երկրում լարված է, պահպանվում է նաև ինքնամեկուսացման լրացուցիչ ռեժիմը, ինչը նշանակում է, որ 14–օրյա բուժումից հետո էլ 14 օր պացինետը պետք է լինի ինքնամեկուսացված։

 

 

Արմինե Գևորգյան