Բավ է պառակտվել
01-12-2022 16:54

Հայաստանում կսկսվի «Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի մասին» օրենքի նախագծի մշակումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել բժշկական ապահովագրության համապարփակ համակարգի հայեցակարգի նախագիծը և սկսել օրինագծի մշակման գործընթացը։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հինգշաբթի վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ հերթական խորհրդակցությունը:

Վարչապետին զեկուցվել է նախորդ քննարկման արդյունքներով տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագծի լրամշակված տարբերակը՝ նշելով, որ այն քննարկվել է Կառավարության և Ազգային ժողովի գործընկերների հետ, հստակեցվել են մի շարք հայեցակարգային սկզբունքներ:

Նշվել է, որ հայեցակարգի հաստատմանը հաջորդելու է օրենսդրական ապահովման գործընթացը, զուգահեռ իրականացվելու են ենթակառուցվածքների ապահովման, որակի չափանիշների ներդրման, մասնագիտական պատրաստվածության բարձրացման, լիցենզավորման գործընթացներ: Հիշեցնենք, որ առողջության ապահովագրության համակարգը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար, փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներով:

Քննարկվել են ապահովագրության համակարգի ֆինանսական գնահատականին, ֆինանսավորման ու կառավարման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել հայեցակարգի նախագիծը և սկսել օրենսդրական կարգավորման մշակման գործընթացը:
Ավելի վաղ Ավանեսյանը հայտնել էր, որ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը և դրանից բխող օրենսդրական ակտերը Հայաստանում նախատեսվում է ընդունել մինչև 2023 թվականը։

Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի մասին

Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է և բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը

Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջության համապարփակ ապահովագրության առաջնային նպատակը պետք է լինի հիվանդությունների կանխարգելումը։ Ոստի անհրաժեշտ է այնպիսի մոդելի ներդրում, որը կերաշխավորի ծախսարդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի գործունեությունը:

Մի շարք փորձագետներ արդեն հանդես են եկել քննադատությամբ։