Բավ է պառակտվել
30-01-2020 14:18

Հայաստանում հոգեկան խնդիրներ ունենալը շատ հաճախ դառնում է դատավճիռ․Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը։ Նախ քննարկման դրվեց հոգեբուժական օգնության կարիք ունեցող անձանց վերաբերյալ Հայաստանի օրենսդրության փոփոխությունների մասին նախագիծը, որի քննարկումը անցավ բուռն մթնոլորտում։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բացատրեց, որ երբեմն այդ մարդիկ կարող են ազատության մեջ վտանգավոր լինել իրենց և շրջապատի համար։
«Այս փաթեթի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու եւ դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու անհրաժեշտությամբ»,–ասաց Թորոսյանը,շեշտելով որ առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կարգը եւ պայմանները, այդ թվում սահմանելով նաեւ դրանց կիրառման տեւողությունը:
Սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս ընդհանրապես հրաժարվել այդ մարդկանց մեկուսացնելու պրակտիկայից։
Նախարարին հարց ուղղեց վարչապետը․«ՄԱԿ-ը, որ ասել է՝ էդ կարգավորումից հրաժարվեք, ասե՞լ է՝ էդ մարդկանց, որ հնարավոր է վնաս տան շրջապատին կամ տալիս են, ի՞նչ անենք։ Թե՞ միայն ասել է՝ կարգավորումից հրաժարվեք»։
Բաթոյանն ասաց, որ իրենք դեռ պետք է դիմեն այդպիսի հարցերի պատասխաններ ստանալու համար։ Վարչապետն արձագանքեց, որ տարօրինակ է, երբ խորհուրդ են տալիս հրաժարվել, բայց չեն ասում ինչ անել դրանից հետո։
Խնդրի մասին խոսեց նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։ Նշեց, որ լինում են դեպքեր, երբ մարդը իր տանն ագրեսիվանում է, ընտանիքի անդամները խնդրում են իրեն տեղափոխել հոգեբուժարան, եւ այդտեղ հարցը պետք է լուծվի նաեւ ոստիկանության օգնությամբ:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հոգեկան խնդիրներ ունենալը Հայաստանում շատ հաճախ դառնում է դատավճիռ, խաչ է քաշվում մարդու վրա. «Խորհրդային բռնաճնշումների շրջանում դա ամենալեգիտիմ ձեւն է եղել մարդուն մեկուսացնելու հոգեբուժարանում: Քանի որ այդ հիմնարկները փակ են, մենք հանրությունն առանձնապես տեղեկություններ չունի, մենք չգիտենք՝ վերջին 30 տարում այնտեղ փոփոխություն եղել է, թե ոչ»:
Հոգեբուժական հաստատություններում մարդկանց բռնի բուժումների և այլ խնդիրների մասին խոսեց նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։ Առողջապահության նախարարին սա դուր չեկավ, և նա սկսեց պաշտպանել բժիշկներին։
Արսեն Թորոսյանն ասաց, որ նման դիտարկումներից կարող է տպավորություն ստեղծվել, թե հոգեբուժական հաստատությունները համակարգային սխալ են աշխատում։ Բայց իրականում, փոփոխություններ միշտ էլ եղել են, և խնդիրներն անհատական են։
«Մի քիչ լավ չեմ հասկացել գերատեսչական համերաշխության էդ կուլտուրան, որ՝ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք, վա՜յ, հանկարծ …», – Թորոսյանին դիմելով՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թորոսյանը պատասխանեց, որ իրավիճակը բարելավվում է, և ինքը չի ուզում տպավորություն լինի, թե մարդկանց կամքին հակառակ բուժում են նրանց։

 

Արմինե Գևորգյան