Բավ է պառակտվել
30-03-2020 15:52

Կորոնովիրուսից մահացածներին չեն դիահերձի


Կառավարությունն առաջարկում է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնել։
ՀՀ Ազգային ժողովին արտահերթ նիստում քննարկվող «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ժամանակ հարցով հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին:
«Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է ըստ բժշկական փաստաթղթերի՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում», - ասաց նախարարը։
Իսկ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյան էլ ներկայացրեց կորոնավիրուսից մահացած անձանց հուղարկավորության կարգը։ Ըստ փոխնախարարի՝ դիակը զմռսված վիճակում հանձնվում է հարազատներին, իսկ հուղարկավորությունը տեղի է ունենում փակ դագաղով․
«Մենք խստագույնս հետևում ենք անվտանգության պահանջներին։ Դա ենթադրում է հատուկ պաշտպանական պարկերի օգտագործում, հատուկ մշակում, դագաղների զմրսման գործընթաց, և վստահեցնում ենք, որ այս հատուկ կանոնները պահելու արդյունքում, և, իհարկե, պարետի մյուս ցուցումները ամբողջությամբ կիրառելով․․ վարակի տարածման հնարավորություն չի լինի»,- ասաց փոխնախարարը։