Բավ է պառակտվել
04-02-2019 12:17

Հայաստանում տարեկան 5,6 հազար մարդ է մահանում քաղցկեղից, գրանցվում է 8,5 հազար նոր դեպք

Փետրվարի 4-ին նշվող Քաղցկեղի դեմ համաշխարհային պայքարի օրվա կապակցությամբ Հայաստանի առողջապահության նախարարությունը տվյալներ է հրապարակել երկրում օնկոլոգիական հիվանդությունների մակարդակի մասին։

Ըստ գերատեսչության տվյալների, Հայաստանում տարեկան 5,6 հազար մարդ է մահանում չարօրակ նորագոյացություններից։ Հանրապետույթունում մահացության հիմնական պատճառների ցանկում սիրտ-անոթային հիվանդություններից հետո երկրորդ տեղը (20.4%) զբաղեցնում են չարօրակ նորագոյացությունները։ Նախարարությունում նշել են, որ վերջին 30 տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդությունների և մահացության ցուցանիշներն աճել են 2-3 անգամ։ 2018 թվականի դրությամբ Հայաստանի բուժհաստատություններում հսկողության տակ է գտնվել 43,83 հազար մարդ, ամեն տարի գրանցվում է 8,5 հազար նոր դեպք։

“Վաղ ախտորոշման դեպքում չարօրակ նորագոյացությունների 30-50 տոկոսը հնարավոր է կանխարգելել և բուժել։ Ցավոք, դեպքերի 60%-ում քաղցկեղը հայտնաբերվում է 3-4 փուլերում, ինչը զգալիորեն վատթարազնում է բուժման որակը և կրճատում կյանքի տևողությունը”,- ասվել է հայղորդագրությունում։

Ըստ չարօրակ նորագոյացությունների տարածվածության՝ կանանց շրջանում զգալիորեն բարձր է կրծքագեղձի, հաստ աղու, արգանդի պարանոցի և մարմնի հիվանդացությունը և մահացությունը, տղամարդկանց շրջանում` շնչափողի, բրոնխների, թոքերի, միզապարկի, ստամոքսի և շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը:

Նախարարությունում զգուշացրել են, որ վերջին տարիներին թե´ կանանց, թե´ տղամարդկանց շրջանում, զգալիորեն աճել է ստամոքսի և հաստ աղու քաղցկեղով հիվանդացությունը, որը կարող է պայմանավորված լինել նստակյաց ապրելակերպով և անառողջ սննդակարգով:

Ըստ բժիշկների, քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է պահպանել առողջ ապրելակերպի կանոնները, մասնավորապես՝ չծխել և արգելել ձեր կողքին ծխելը, սահմանափակել ալկոհոլի, վերամշակված սննդամթերքի և աղի օգտագործումը։ Խորհուրդ է տրվում նաև խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, կանխարգելիչ նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ մասնակցել սկրինինգային հետազոտություներին, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում անհապաղ դիմել բժշկի, ինչպես նաև պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի և հեպատիտ Բ-ի դեմ։