Բավ է պառակտվել
22-08-2022 17:08

Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի նոր մեծ ալիք։ ԱՆ-ն նշել է ժամկետներն ու պատճառները

Հայաստանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կգրանցվեն, ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Սպասում ենք նոր ալիքի

«Կորոնավիրուսի նախորդ ալիքների համեմատ ներկայիս թվերը ցածր են, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ աճ կա. Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, հաշվի առնելով անցած տարիների ալիքները, ակնկալում ենք նոր մեծ ալիքներ, և հիմա արդեն տեսնում ենք, որ զարգացումները, արձանագրված դեպքերը տանում են դրան»,- 24News-ի հետ զրույցում ասել է նա։

Այս առնչությամբ նա պարզաբանել է, որ վերջին շաբաթներին նկատվում է աճ. եթե հունիսին շաբաթական կտրվածքով փոքր թվեր են գրանցվել, ապա այսօր օրական կարող է գրանցվել մինչև 400 դեպք։

Պատասխանելով հարցին, թե նոր դեպքերի թվի նվազումից հետո ինչով է պայմանավորված նոր աճը՝ Նանուշյանը նշել է վիրուսի տարածման վրա ազդող մի քանի գործոն։

«Մի բան մենք արդեն հասկացել ենք՝ ջերմաստիճանը (օդի) չի նպաստում կամ խոչընդոտում դրա տարածմանը»,- ասել է նա։

Փոխնախարարը պարզաբանել է, որ տարածմանը նպաստում են վիրուսի որոշ առանձնահատկություններն, ինչպես նաև քաղաքացիների շրջագայությունների ավելացումն ու շփումների շրջանակի ընդլայնումը։

«Մենք կանխատեսում ենք դեպքերի աճ սեպտեմբերին՝ դպրոցների վերաբացման հետ կապված։։ Բացի այդ, ճանապարհորդություններից վերադարձող մարդիկ կարող են վարակը տարածել իրենց աշխատավայրերում»,- ասել է նա։

Իսկ ինչպիսի՞ն է պատվաստումների արդյունավետությունը։

Պատվաստման գործընթացի համատեքստում Նանուշյանը նշել է, որ, իհարկե, պատվաստումները կանխում են հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը, սակայն վիրուսի մշտական ​​մուտացիաների պատճառով «եկել է մի պահ, որ դրանք չեն կանխում հիվանդությունը»։

«Եթե պատվաստված ես, չես կարող 100%-ով վստահ լինել, որ չես հիվանդանա։ Ունենք կրկնակի վարակման դեպքեր, երբ անձը՝ անկախ պատվաստված լինելուց, կարող է մի քանի անգամ հիվանդանալ։ Մենք ունենք դեպքեր, երբ (մարդիկ) հիվանդացել են 3 կամ 4 անգամ, կամ (հիվանդացել են)՝ պատվաստված լինելով։ Այս դեպքերը շատ չեն»,- ասել է նա։

Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է, որ պատվաստվածների մեջ չեն եղել ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր, երբ մարդիկ հայտնվել են վերակենդանացման բաժանմունքում։

«Այդ իսկ պատճառով մենք քաղաքացիներին կոչ ենք անում պատվաստվել, հատկապես հիմա, երբ մեծ աճ է սպասվում»,- հավելել է նա՝ կարևորելով տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց պատվաստվումը և բուստերի ստացումը։

Վիճակագրություն

Օգոստոսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք՝ նախորդ շաբաթվա 1713-ի դիմաց, բուժում է ստանում COVID-19-ով վարակված 2417 սնձ, ապաքինվել է 1663 մարդ, մահացել է 5 մարդ (նախորդ շաբաթ՝ 6 մարդ) .

Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում հանրապետությունում հաստատվել է COVID-19-ի 432 274 դեպք, վարակվածներից 419 528-ն առողջացել է։ Կորոնավիրուսից մահացել է 8648 մարդ։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի 3,178,333 թեստավորում։