Բավ է պառակտվել
27-02-2020 14:55

Հայաստանում շուրջ 100 մարդ է թեստավորվել կորոնավիրուսի կասկածով․ առողջապահության նախարար

Հինգշաբթի կառավարության նիստից առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ Հայաստանում 95 մարդ հետազոտվել է կորոնավիրուսի կասկածով։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Իրանից Ադրբեջանի տարածքով Վրաստան վերադարձած քաղաքացու մոտ հայտնբերվել է կորոնավիրուս։ Վրաստանն ու Հայաստանը սահմանափակել են Իրանի հետ հաղորդակցությունը։ Ըստ վերջին տվյալների, Իրանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 139 դեպք (աշխարհում 6-րդ տեղը հիվանդացածների թվով), որից 19՝ մահվան ելքով, 49՝ ապաքինված։

“Կատարվել է 95 թեստ, բոլորը բացասական։ Այս պահին մենք ունենք 850 թեստ և շուտով կստանանք ևս 3000 հատ։ Կարելի է ասել, որ այս տեսակետից էլ ենք մենք ապահովված”,- ասել է նա։

Թորասյանը տեղեկացրել է, որ Իրանի հետ սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ուղղվել են հատուկ կետեր և մաքսատան պահեստներ, այնտեղ բեռնաթափվել և հետ վերադարձել։

“Գործնականում արվում է ամեն հնարավորը վարակի ներթափանցումը Հայաստան կանխելու համար”,- ասել է նախարարը։

Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019թ վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 միլիոնանոց Ուհան քաղաքում։ ԱՀԿ-ն ճանաչել է այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ, բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ։ Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են արձանագրվել աշխարհի 42 երկրում։

Չինաստանի իշխանությունները երկրում արձանագրել են 2744 մահացության դեպք, ապաքինվել է շուրջ 32,4հազ․մարդ, վիրուսի տարածման ժամանակաշրջանում վարակվածների թիվը հասել է 78,5 հազարի։

 

 

Արմինե Գևորգյան