Բավ է պառակտվել
17-07-2019 15:12

Հայաստանում բացահայտվել է դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք (տեսանյութ)

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կազմակերպված խմբի կողմից առանց համապատասխան թույլտվության մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք: 

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, պարբերաբար մեկնելով ՌԴ, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, եվրոպական տարբեր երկրներ և չունենալով դեղերի ներմուծման հավաստագիր, ձեռք են բերել մեծ քանակությամբ, ինչպես Հայաստանում պետական գրանցում չունեցող, այնպես էլ ունեցող տարբեր անվանումներով դեղեր:

Այնուհետև, մաքսային հսկողությունից թաքցնելով, պարբերաբար տեղափոխել և առանց փաստաթղթային ձևակերպման 2019թ. փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում իրացրել են շուրջ 70 մլն դրամ (146,8հազ դոլար) ընդհանուր արժեքով դեղորայքը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 35 մլն դրամի (73,4հազ դոլար) վնաս:

Տարբեր հասցեներում միաժամանակ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 320 անվանում 3.000 տուփ դեղ՝ նախնական հաշվարկով մոտ 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, դրանց շրջանառության հետ հնարավոր առնչվող գումարներ, մասնավորապես՝ շուրջ 90.000 եվրո, 3.5 մլն դրամ և 1300 դոլար, ինչպես նաև վաճառքի վերաբերյալ գրառումներով տետրեր ու էլեկտրոնային կրիչներ, այսպես կոչված՝ “սև հաշվապահություն”։
Փաստի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ համապատասխան հոդվածներով։