Բավ է պառակտվել
04-06-2021 11:52

Հայաստանում սահմանվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմը

Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն սահմանվում է ԷԿՈ գործընթացն անցկացնելու տարիքային շեմ, ստեղծվում է դոնորների բազա։

Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեց 82 պատգամավոր, 9-ը՝ ձեռնպահ։

Խորհրդարանում իր ելույթի ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիթ Ավանեսյանը հայտնեց, որ նախագիծն ուղղված է կարգավորելու վերարտադրողական առողջության շրջանակում օգտագործվող տեխնոլոգիաների կիրառումը, դրանք միասնական իրավական դաշտ բերելուն, պրոցեսների վերահսկելիությունը մեծացնելու և դրա արդյունքում բժշկական օգնության և ծառայության ավելի բարձր որակ ապահովելուն։

Ավանեսյանը նշեց, որ նախկինում վերարտադրողական նոր տեխնոլոգիաների կիրառման կարգավորումը ենթադրում էր միասնական ամբողջական ծառայություն, ինչը բարդություն էր ստեղծում մարզային ԲԿ-ների համար՝ իրենց մոտ մի շարք գործընթացներ տեղական մակարդակում իրականացնելիս:

«Մարզային կառույցները հնարավորություն չէին ունենում դրա որևէ հատվածն ինքնուրույն իրականացնել, և քաղաքացիները ստիպված պետք է ժամանակ առ ժամանակ գային Երևան՝ այս ծառայություններից օգտվելու համար»,- ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը հայնեց, որ նախագծով հստակ սահմանազատումներ են տրվել, թե ամբողջական այս պրոցեսի որ հատվածն ինչպիսի լիցենզավորման պահանջներ է պահանջելու:

«Բացի դրանից, կար դոնորների չկարգավորված ինստիտուտի հարց, որը ևս օրինագծով փորձ է արվել կարգավորել: Այս փոփոխության արդյունքում պետք է ստեղծվի տվյալների մեկ միասնական շտեմարան՝ տեղեկատվական հարթակ, որտեղ բոլոր կազմակերպությունները կմուտքագրեն դոնորների մասին տվյալները»,- ասաց նա։

Նրա խոսքով, սահմանափակումներ են ներմուծվելու նաև, թե մեկ անձը քանի անգամ կարող է դոնոր հանդիսանալ (մինչ այժմ այդ հարցը թողնված էր բժշկական հաստատությունների հայեցողությանը): Սահմանել են տարիքային հստակ շեմեր, թե մինչև որ տարիքը կինը կարող է օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից

«Սահմանվել է 53 տարեկանը։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, և, հաշվի առնելով կենսամակարդակը, ընդհանուր առմամբ, մեր բնակչության առողջական վիճակը կարծում ենք, որ այս շեմը բավարար է կնոջը երեխա ունենալու հնարավորություն ընձեռնել, իսկ ավելի բարձր տարիքային խմբում այս տեխնոլոգիաների կիրառումը կարող է վնասել կնոջ առողջությանը»,- հայտնել է նա։