Բավ է պառակտվել
22-03-2023 13:41

Հայաստանում 2022 թվականին հայտնաբերվել է տուբերկուլյոզի 570 նոր դեպք, նկատելի է նվազման միտում. փորձագետ

2022թ. Հայաստանում հայտնաբերվել է տուբերկուլյոզի 570 նոր դեպք, գրանցվել է այդ հիվանդությունից մահվան 27 դեպք։ Այս մասին մարտի 22-ի մամուլի ասուլիսում ասել է Թոքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը։
«2021թ. այդ ցուցանիշները կազմում էին 550 և 19՝ համապատասխանաբար։ Ընդհանուր առմամբ, 2021թ. աշխարհում այդ հիվանդութամբ վարակվել է 10 մլն մարդ, մահացել է 1,5 մլն մարդ»,- ասաց Պողոսյանը։
Մասնագետի խոսքով՝ 2021 թվականին ցածր ցուցանիշները կապված են այն բանի հետ, որ տուբերկուլյոզի դեպքերն ավելի քիչ են հայտնաբերվել։
«Քովիդը պարզապես կարող էր թաքցնել տուբերկուլյոզի իրական պատկերը. Ընդհանուր առմամբ Հայաստանում հիվանդացության և մահացության ցուցանիշներն անընդհատ նվազում են։ Դրական միտում ունենք»,- ասել է գլխավոր բժիշկը։
Այսպես, եթե մի քանի տարի առաջ կենտրոնում մահճակալների բեռնվածությունը կազմում էր 300-350 հիվանդ, ապա այժմ հիվանդանոցում բուժում է ստանում ակտիվ տուբերկուլյոզով միայն 56 հիվանդ, նրանցից վարակիչ են միայն 25-ը։
«Եթե պացիենտը վարակիչ չէ, ապա բուժման ռազմավարությունն այն է, որպեսզի պացիենտն արագ վերադառնա իր բնակության վայր, որտեղ կշարունակի ընդունել իր դեղերը»,- պարզաբանել է Պողոսյանը։
Գլխավոր բժիշկը հիշեցրել է, որ Հայաստանում տուբերկուլյոզի բուժումն իրականացվում է պետպատվերով՝ հատուկ ծրագրի շրջանակներում։