Բավ է պառակտվել
29-04-2022 19:17

Հայաստանում առաջին անգամ կիրառվել է ներորովայնային աերոզոլային քիմիաթերապիայի մեթոդը

Հայաստանում առաջին անգամ կիրառվել է «ճնշման տակ աէրոզոլային ներորովայնային քիմիաթերապիայի» մեթոդը (PIPAC, Pressurized Intraperitoneal Aerosol Chemotherapy):

Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շարքը, որպեսզի երկրի քաղաքացիները ստիպված չլինեն արտերկիր մեկնել քաղցկեղի բուժում ստանալու համար:

Ճնշման տակ աէրոզոլային ներորովայնային քիմիաթերապիայի որովայնամզի կարցինոմատոզով ուղեկցվող ուռուցքային հիվանդությունների բուժման նորարարական, քիչ ինվազիվ մեթոդ է։ Այն կարող է կիրառվել և՛ որպես ինքնուրույն բուժման մեթոդ, և՛ ներարկային քիմիաթերապիայի հետ համակցված, և՛ որպես նախավիրահատական (նեոադյուվանտ) բուժում։

1955թ․ ծնված հիվանդի մոտ տարիներ առաջ ախտորոշվել է ձվարանի քաղցկեղ և կատարվել է դրա հեռացում, սակայն հետագայում տեղի է ունեցել ռեցիդիվ (հիվանդության կրկնություն)։ Հիվանդի մոտ հայտնաբերվել է որովայնամզի երկրորդային ախտահարում՝ կանցերոմատոզ։ Կինը ստացել է քիմիաթերապիայի մի քանի կուրս, սակայն բուժման արդյունավետությունը չի եղել բավարար։

Կնոջ վիճակը բարելավելու համար Ազգային կենտրոնի բժիշկները որոշեցին նորարարական եղանակ կիրառել՝ հասցնել քիմիաթերապևտիկ դեղամիջոցն անմիջապես որովայնային խոռոչ, ինչը թույլ է տալիս դեղի ավելի փոքր չափաքանակով, ավելի արդյունավետ միջոցով ազդել ախտահարված օջախների վրա։

Միջամտությունը կատարվել է լապարասկոպիկ եղանակով՝ թրոակարով անցք է արվել, այնուհետև ՈՒԱԿ-ի կողմից վերջերս ձեռք բերված ժամանակակից հատուկ գործիքով ճնշման տակ ներմղվել է քիմիական դեղամիջոցի լուծույթը։ Բարձր ճնշման տակ աէրոզոլը տարածվել է որովայնի խոռոչով և ազդել ուռուցքային օջախների վրա։

Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Ավետ Պետրոսյանի խոսքով՝ PIPAC-ի կիրառման 33% դեպքերում հնարավոր է երկրորդային ուռուցքի ռեգրես (հետաճ, փոքրացում), ինչը հնարավորություն է տալիս հետագայում կատարել վիրահատական բուժում։ Մնացած դեպքերում PIPAC-ը կրում է վիճակը կայունացնող կամ ամոքիչ բնույթ։