Բավ է պառակտվել
26-03-2020 17:18

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, հայտնել է Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Նիկողոսյանը գրել է, որ ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել պացիենտի կյանքը։

Նա տեղեկացրել է նաև, որ հիվանդը երեկվանից գտնվել է վերակենդանացման բաժանմունքում և վերջինիս վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։

Ինչպես ավելի վաղ գրել էր Gisher.news-ը, մարտի 26-ի, ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 290 դեպք։ Հիվանդներից 36-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Առողջացել է 18 մարդ, արձանագրվել է մահվան ելքով մեկ դեպք։

Արձանագրվել է վարակի տարածման երեք օջախ․Իրանից ժամանած քաղաքացին, նշանադրությունը Էջմիածնում և Երևանի արտադրամասերից մեկը։

Վարակվածների թվում են Իրանից և Իտալիայից ժամանած Հայաստանի քաղաքացիներ (Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ), նրանց հետ շփման մեջ եղած անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած մեկ անձ։