Բավ է պառակտվել
04-05-2020 14:42

Հայաստանում կորոնավիրուսով կրկանի վարակվելու դեպքեր են գրանցվել: Թորոսյան


ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կորոնավիրուսով վարակման աղբյուրներին: Նա նշեց՝ վարակվածներից 34-ը կարանտինում գտնվող քաղաքացիներն են, 58-ը՝ հաստատված դեպքի հետ շփումներ, կան նաև բուժաշխատողներ, ինչպես նաև հուղարկավորության մասնակիցներ և մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներ:
«Այսինքն՝ բազմաթիվ օջախներ կան, որը հուշում է այն մասին, որ մենք պետք է պահպանենք կանոնները և հույս չունենանք, որ, օրինակ, Ազգային ժողովի վրա օրինակ բերեմ, որ ԱԺ-ում որևէ վարակակիր չկա և կարող ենք հանգիստ, առանց կանոնները պահպանելու զերծ մնալ վարակումից: Նույնը ցանկացած աշխատանքի վայրում: Դրսում ևս պետք է պահպանել կանոնները, կուտակումներ չունենալ»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց նաև,որ Հայաստանում կորոնավիրուսով կրկանի վարակվելու դեպքեր են գրանցվել:
«Դժբախտաբար, նման դեպքեր գրանցվել են, այդ թվում նաև՝ Հայաստանում։ Նման դեպքերը մեզ մոտ այս պահին երեքն են, նրանք գանգատ չունեն, անհանգստացնող սիմպտոմ չունեն, բայց դուրսգրումից ավելի քան երկու շաբաթ հետո վիրուս է հայտնաբերվել, նորից իզոլացրել ենք, որպեսզի այլ անձանց վարակելու հավանականությունը կանխարգելվի», - ասաց նախարարը։
Նա նկատեց, որ հիմա ակադեմիական մեծ դեբատ է ընթանում և ամեն օր թարմ տվյալներ են ստանում, թե արդյոք դա կրկանի վարակ է, թե օրգանիզմում եղել է վիրուսի ապակտիվացում, հետո նորից ակտիվացել է։
Ըստ Թորոսյանի ոչ մի երկիր չի կարող ընդմիշտ փակ մնալ, ստիպված է վերսկսել աշխատանքը տնտեսության այս կամ այն ոլորտներում, սակայն դա պետք է տեղի ունենա` վարքի կոնկրետ կանոնների պահպանմամբ, այդ թվում` աշխատանքում, ընտանիքում, փողոցում, ժամանցի տարբեր վայրերում,

«Եթե մենք կարողանանք հետևել այս կանոններին, մեզ կհաջողվի հարմարվել, առաջ շարժվել։ Իսկ եթե չկարողանանք պահպանել, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ, երբ, օրինակ, Հայաստանում կվարակվի 500 հազար քաղաքացի, տասնյակ հազարավորները կհոսպիտալացվեն, կլինեն հազարավոր մահեր», – նշեց նա ԱԺ–ում լսումների ժամանակ։

Նախարարը տեղեկացրեց նաև ,որ սարքերի, բժշակական օգնության անձնակազմի մասով այս պահի դրությամբ պակաս չկա։
Անդրադառնալով քննադատություններին, որ Հայաստանում բավականաչափ թեստավորում չի իրականցվում՝ Թորոսյանն ասաց․
«Հայաստանն իր արված թեստերի քանակով համադրելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ։ Խոսքն այն մասին է, թե քանի թեստ է արվում մեկ հայտնաբերված դեպքի համար։ Կան երկրներ, օրինակ, Արաբական էմիրատները, որ մեզանից տասն անգամ ավելի շատ են անում, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են»։
Մահճակալային ֆոնդի մասին խոսելով՝ Թորոսյանն ասաց, որ այս պահին հիվանդանոցային համակարգում 350 ազատ մահճակալ կա։
Հարցին, թե ըստ կանխատեսումների՝ որքան ժամանակ կպահանջվի կորոնավիրուսի վերացման համար․«ենթադրում ենք, որ առնվազն մյուս գարունից հետո կամ վարակը կմարի աստիճանաբար և շատ քիչ շրջանառություն կունենա, կամ մենք կունենանք սպեցիֆիկ դեղ կամ պատվաստանյութ դրա դեմ», - ասաց նախարարը։

 

 

Արմինե Գևորգյան