Հայաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կատարվել է 263 թեստավորում, որից ընդամենը 11-ն է եղել դրական պատասխանով: Սա աննախադեպ ցուցանիշ է վերջին շաբաթների համար: Սա նշանակում է, որ միջոցառումները, որոնք բազմաթիվ անհարմարություններ են պատճառում սկսել են դրական արդյունք տալ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պետք է պահել պարետի սահմանափակումները: Այդ դեպքում, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմների թուլացման մասին: Կրկնում եմ, որ առաջիկա շաբաթն ավելի նախանձախնդիր պետք է փորձենք պահել եղած սահամանափակումները: Այսօրվա տվյալները մեզ հուսադրում են, իհարկե, վաղվա թվերը նույնպես պետք է վերլուծենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, նաև, որ գրանցվել է ևս մեկ մահվան դեպք: Մահացել է 68 տարեկան քաղաքացի երկկողմանի թոքաբորբով: Վարչապետի խոսքով, ենթադրաբար նրա մահը կորոնավիրուսի հետևանք է: Քաղաքացին ունեցել է ուղեկցող հիվանդություններ:
Նշենք, որ ապրիլի 5–ի առավոտյան ժամը 11–ի դրությամբ Հայաստանում հաստատվել էր կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք, ընդհանուր` 822 վարակակիր։
Ապրիլի 6-ի դրությամբ վարակման հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 833 է։ Բուժվածների թիվը 62 է, փաստացի բուժվողներինը՝ 763, բացասական թեստերը՝ 4096, մահվան ելքերը՝ 8: