Բավ է պառակտվել
03-12-2018 14:24

Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 3300 դեպք, հակառետրովիրուսային բուժում է ստանում 1820 հիվանդ

Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է ՄԻԱՎ վարակի 3300 դեպք: Իսկ ՄԻԱՎ ունեցող անձանց հաշվարկային թիվը Հայաստանում կազմում է շուրջ 3400 մարդ, երկուշաբթի լրագրողներին ասել է ՁԻԱՀ--ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։

“ Ներկայում կենտրոնում հակառետրովիրուսային բուժում է ստանում 1820 ՄԻԱՎ վարակով հիվանդ։ Նրանց բուժումն ամբողջապես անվճար է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև օտարերկրացիների համար։ Կենտրոնում ՀՌՎ բուժում է ստանում 26 օտարերկրացի”,-ասել է նա։

Ընդ որում, Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, որտեղ անվճար բուժում է տրամադրվում ՄԻԱՎ ունեցող օտարերկրացիներին։

Խոսելով հիվանդության կանխարգելման և ախտորոշման մասին, նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել։

“Մենք բարելավել ենք հիվանդության վաղ ախտորոշման ցուցանիշները։ Այսօր կարող ենք վստահաբար ասել, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թվից 75 տոկոսն արդեն ախտորոշվել է”։

Գրիգորյանը բավարար է գնահատել բուժում ստացողների և կետրոնի հիվանդների շրջանում վարակի ընկճման մակարդակի ցուցանշները, հույս հայտնելով, որ մինչև 2020 թվականը ՄԻԱՎ-ի ախտորոշման ցուցանիշը Հայաստանում կհասնի մինչև միջազգային 90 տոկոսի։

“Հայաստանում բուժում է ստանում ՄԻԱՎ վարակակիրների շուրջ 70%-ը։ Նրանցից 85%-ի մոտ գրանցվել է իմունոդեֆիցիտի վիրուսի ընկճում մինչև զրոյական մակարդակ։ Այսպիսով, ՄԱԻՎ-ի հայտնաբերման, բուժման և ընկճման մակարդակով Հայաստան այդ բոլոր ցուցանիշներով վստահորեն մոտենում է ՄԱԿ-ի կողմից նշված 90 %-ին”,- նշել է Գրիգորյանը։

Ըստ նրա, ՄԻԱՎ վարակի տարածվածությունը բնակչության շրջանում 0,2 տոկոս է, ինչը 4 անգամ ավելի ցածր է միջին տարածաշրջանային ցուցանիշներից:

“Որևէ խոցելի խմբում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը չի գերազանցում 5 տոկոսը, ինչը հուսադրող ցուցանիշ է։ Դա պայմանավորված է իրականացվող կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությամբ և բնակչության տեղեկացվածությամբ”,- ասել է նա։

Գրիգորյանը նաև նշել է, որ Հայաստանն արդեն չորրոդ տարին զբաղեցնում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած առաջին երկիրը տարածաշրջանում և չորրորդը՝ աշխարհում։

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների մեծամասնությունը տղամարդիկ են (շուրջ 69%)։ Գրանցվել է նաև կանանց մոտ վարակի հայտնաբերման 1021 և երեխաների մոտ՝ 57 դեպք։ Ընդ որում, Հայաստանում վարակի փոխանցման հիմնական ուղիները հետերոսեքսուալ կապերն են (69%) և ներարկումների միջոցով թմրանյութերի օգտագործումը (21%)։

“ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների շրջանում ՁԻԱՀ հայտնաբերվել է մոտ 1670 անձի մոտ, որոնցից 430-ը կանայք են և 33-ը՝ երեխա: Ընդհանուր առմամբ, Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակակիր անձանց 760 մահվան դեպք, այդ թվում` 142 կին և 11 երեխա”, - ասել է Գրիգորյանը: