Բավ է պառակտվել
20-08-2021 13:05

Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված Երևանում վերսկսվել են ստուգումները հանրային տրանսպորտում

Oգոստոսի 19-ին վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանպորտային անվտանգության մասնագետները, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում վերսկսել են Երևանի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի նկատմամբ համատեղ մշտադիտարկման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմնի մամլո ծառայությունը, տեսչական մարմնինների մասնագետներն ու ոստիկանության ծառայության կարգախմբերը կանգառներում, ինչպես նաև շրջիկ կերպով մշտադիտարկել են մոտ 200 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են իրավախախտման մի շարք դեպքեր։ Վերահսկողության արդյունքում որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, որոշ դեպքերում՝ գրավոր նախազգուշացումներ։ Մի քանի խախտումների դեպքում էլ կազմվել են վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմինների կողմից Երևանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։
Կրկին հիշեցնում ենք, որ պետք է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, փակ տարածքներում պարտադիր դիմակ կրել:»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Սննդի անվտանգության տեսչությունը՝ բոլոր կարգավորող ծառայությունների և ոստիկանության անունից, հայտարարեց Հայաստանում հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողության խստացման մասին՝ կոչ անելով խստորեն պահպանել սահմանված հակահամաճարակային նորմերը և կրել դիմակներ փակ տարածքներում և նախազգուշացնելով հայտնաբերված խախտումների դեպքում վարչական միջոցառումների կիրառման վերաբերյալ: