Բավ է պառակտվել
20-01-2016 13:51

Խոզի գրիպի մահացության ևս 2 դեպք է գրանցվել


Մինչ այս պահը H1N1 տեսակի գրիպից մահվան 18 դեպք է գրանցվել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Մենք գնացել ենք շատ պարզ, բյուրեղյա աշխատանքի ոճով և կարծում եմ, որ սա խիստ նպաստավոր է եղել, որպեսզի մարդկանց զգոնությունը բարձր լինի»,-ասաց նախարարը՝ հավելելով, թե այս պահին կտրուկ բարելավվում է նկատվում, հիվանդների մոտ 99 տոկոսն ապաքինված է, առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում հիվանդանոցներից: Պոլիկլինիկական ցանցում այցելությունների բարելավվում է նկատվում: Ինչ վերաբերում է դպրոցներում արձակուրդները երկարացնելուն, նախարարն ասաց, թե հարցը դեռևս քննարկվում է: «Մենք մինչև ուրբաթ օրը կնայենք մեր ընդհանուր ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում նոր հանդես կգանք առաջարկով»,-նշեց նախարարը: Արձագանքելով լրագրողի հարցին, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը ձեռք բերելու մենաշնորհը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին, Արմեն Մուրադյանն ասաց. «Որևիցե մեկին մենաշնորհ տրված չէ: Տամիֆլյուն միշտ եղել է հիվանդանոցային ցանցում և հունվարի 13-ից եղել է պոլիկլինիկական ցանցում անվճար, հիվանդանոցային ցանցում նույնպես միշտ եղել անվճար: Որևէ հիվանդ չկա, որ կարիք է ունեցել և չի ստացել դեղամիջոցը: Եթե հարցը վերաբերում է դեղատնային ցանցին, ապա դեղամիջոցը կարող է ներկրել յուրաքանչյուր ներկրող, որն իր դեղատնային ցանցում կամ մեծածախ առևտրային գործունեության ընթացքում կարող է ներկրել և վաճառել: Մենք պահանջարկը բավարարել ենք սոցիալական ծրագրի շրջանակներում և ապահովել ենք անվճար: Այս պահին ունենք համապատասխան պաշարները և անհրաժեշտության դեպքում կարող ենք տրամադրել»: Նախարարն ասաց, որ այս պահին արհեստական շնչառական ապարատին է միացված թոքաբորբով 7 հիվանդ: «124 հղիներից այս պահին 94-ն են մնացել հսկողության ներքո, սուր շնչառական վարակներով 1230 դեպքերից՝ այս պահին 982-ը, երեխաների թիվը նվազել է շուրջ 170-ով: Կա կտրուկ նվազում, մարդիկ առանց որևէ առողջական խնդրի դուրս են գրվում: Նվազել են նաև շտապօգնության կանչերի թիվը, հատկապես պայմանավորված սուր շնչառական հիվանդացությամբ: Կարծում եմ, որ այդ բարելավումը կարող ենք համարել որպես օրինաչափություն»,-հավելեց նա։ Արմեն Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր տարի թոքաբորբով հիվանդացություն լինում է, այն պայմանավորված է գրիպի առանձին տեսակներով. «Ունենում ենք ծանր թոքաբորբեր, նրանցից որոշ մասը վերակենդանացման բաժիններում են կարողանում բուժում ստանալ: Կան դեպքեր նաև, որ թոքաբորբից մահանում են»: Հիշեցնենք, որ հունվարի 18-ի դրությամբ գրանցվել էր H1N1 վարակից մահացության 16-րդ դեպքը։