Բավ է պառակտվել
20-02-2021 11:57

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ՝ «Կովիվակ» պատվաստանյութը

Գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ ռուսական պատվաստանյութը, որը մշակվել է Չումակովի անվան կենտրոնում և ստացել է «Կովիվակ» անվանումն: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պատվաստանյութերի շրջանառության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Ես ուզում եմ սկսել շատ լավ լուրից: Այսօր մենք արձանագրում ենք, որ գրանցվել է երրորդ պատվաստանյութը` «Կովիվակը»․ այն մշակվել է Չումակովի անվան կենտրոնի կողմից», - ասել է Միշուստինը:

«Կովիվակ» պատվաստանյութի առաջին 120 հազար դեղաչափը բնակչության համար շրջանառության մեջ կմտնի մարտի կեսերին, հայտնել է վարչապետը:

Միշուստինը նաև ասել է, որ «այժմ շատ կարևոր է, որ ստուգողական ընթացակարգն անցնելուց հետո կառուցվի ամբողջ շղթան՝ այս պատվաստանյութի արտադրությունն առավելագույնի հասցնելու համար»: «Իհարկե, դրա համար կպահանջվի նաև համապատասխան ճշգչտումներ մտցնել պատվաստանյութերի բաշխման մեր համակարգում։ Կարևորն այնէ, որ չազդի որակի վրա: Ես կխնդրեի [փոխվարչապետ] Տատյանա Ալեքսեևնային [Գոլիկովային] և իմ գործընկերներին ճշգրտել համապատասխան պլաններն», - ասել է վարչապետը:

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը բավականին հաջող է ընթանում, նշել է կաբինետի ղեկավարը: Ըստ նրա, ստեղծվել է պատվաստումների ողջ գործընթացի մոնիթորինգի առցանց համակարգ, որն արտացոլում է արտադրության, դեղերի քաղաքացիական շրջանառության մեջ ներառման և նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը։ Միաժամանակ, վարչապետը նշել է, որ «այժմ շատ բան կախված է մարզերից»: Այս կապակցությամբ նա հորդորել է ֆեդերացիայի սուբյեկտների իշխանություններին ուշադիր հետևել դեղերի ժամանակին մատակարարմանը և տեղում պատվաստումների գործընթացի կազմակերպմանը: Միշուստինը նաև նշել է, որ ռուսական մեկ այլ պատվաստանյութի՝ «Կովիվակի» հայտնվելը «չպետք է դանդաղեցնի կորոնավիրուսի դեմ այլ դեղերի արտադրությունը»:

Միշուստինը շեշտել է, որ Ռուսաստանը ներկայումս միակ երկիրն է, որն ունի երեք պատվաստանյութ կորոնավիրուսի վարակը կանխելու համար:
Պատվաստանյութերի մասին

Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, ով գրանցեց կորոնավիրուսի պատվաստանյութը 2020 թվականի օգոստոսի 11-ին, որը կոչվում էր Sputnik V: Պատվաստանյութը պատրաստվել է Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Նույն տարվա հոկտեմբերին «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի «Էպիվակորոնա»-ն դարձավ կորոնավիրուսի դեմ երկրորդ գրանցված ռուսական պատվաստանյութը:
Չումակովի անվան կենտրոնի «Կովիվակը» ապաակտիվացված ամբողջական վիրիոնային պատվաստանյութ է կորոնավիրուսային վարակի դեմ: Նման դեղամիջոցներում օգտագործում են կամ արհեստականորեն թուլացած վիրուսներ, որոնք ընդունակ չեն հիվանդություն առաջացնել, կամ արդեն սպանված (ապաակտիվացված):