Բավ է պառակտվել
12-03-2020 13:32

Կորոնավիրոսով պայմանավորված մեկուսացվել է 41 մարդ, հաստատված է 4 դեպք կա

Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսով վարակի հաստատված 4 դեպք, քաղաքացիներից երեքը ախտանշաններ չունեն, միայն մեկն ունի գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիմպտոմատիկ բուժում, կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հատուկ պահման վայրում արդեն իսկ մեկուսացվել է 10 անձ, որտեղ մենք ունեինք ևս 31 հոգի։ Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բավական մեծաթիվ մարդկանց։ Հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում՝ օրվա ընթացքում։ Միջոցառումները շարունակվում են», - ասաց Արսեն Թորոսյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ առաջարկեց դասերը հետաձգել։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե նմանատիպ որոշումների համար նվազագույնը կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն իսկ կա վիրուսի տարածում:
«Մեր դեպքերը շատ տեղայնացված են, շատ կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ ու դեռևս նմանտիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա», - ասաց Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, թե իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են, եթե կարիքը լինի, նման որոշում մեկ օրվա ընթացքում կկայացվի:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, թե այսօր փակ հանդիպում է լինելու և կքննարկվի այդ հարցը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց նաև, որ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելել է օդանավակայան: Ու այս պահի դրությամբ արդեն իսկ կանոնակարգված պետք է տեղի ունենա Հայաստան ժամանողների ջերմաչափումը:
«Պետք է բոլոր ժամանողները լրացնեն քարտեր, այլ պարագայում նրանք հնարավորություն չպետք է ունենան մուտք գործելու», - ասաց Ավինյանը:
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ասաց, որ խստացվել է հսկողությունը օդանավակայանում:
«Անկախ ուղղությունից՝ բոլոր ուղևորները լրացնում են քարտեր, ովքեր ինքնաթիռում չեն լրացրել, վայրէջքից հետո պարտադիր լրացնում են, որ կարողանան երկիր մուտք գործել: Այսօրվա դրությամբ՝ վեց հազար երեք հարյուր հասցեական քարտ է լրացվել», - ասաց Ասոյանը:

 

 

Արմինե Գևորգյան