Բավ է պառակտվել
02-07-2020 13:51

Կորոնավիրուսի պատվաստանյութը հասանելի կլինի 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին: Արսեն Թորոսյան

Կառավարության օրակարգային հարցերին անդրադառնալուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՆ Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց թե Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում կորոնավիրուսի դեմ հնարավոր պատվաստանյութը արագ ձեռք բերելու համար։
Նախարարը տեղեկացրեց, որ արդեն 100-ից ավելի պատվաստանյութի նախնական տարբերակ կա, կդառնան վերջնական, բայց դրանցից միայն 20-ն են հավակնում դառնալ արդյունավետ:

Նախնական՝ առաջին և երկրորդ փուլերի հետազոտությունները սկզբնական շրջանում փորձարկվում են շատ քիչ մարդկանց վրա, հետո՝ հազար, հետո՝ տասնյակ հազարների:
«Ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը, ոչ թե մեկը: Սա շատ կարևոր է մոլորակի բնակչության համար, որովհետև նման հավաստիացում մենք չունեինք, քանի որ էսպիսի վիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել:
Թորոսյանը նշեց, որ խոսել է «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Այդ պատվաստանյութը ամենահավանական թեկնածուներից մեկն է
Արսեն Թորոսյանի կարծիքով՝ վտանգ կա, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակությամբ պատվաստանյութ կգնեն, և մյուս երկրներին այն պարզապես կարող է հասնել շատ ուշ:
Նախարարը նշեց, որ տարբեր գնահատականներով՝ պատվաստանյութը հասանելի կլինի կամ 2020-ի վերջին կամ 2021-ի սկզբին:
«Ընդհանուր փաստը, որ պատվաստանյութը լինելու է և փոխելու է իրավիճակը, ու մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին, առանց դիմակների, առանց մնացած կանոնները պահպանելու: Պետք է հետևենք ու հետ չմնանք զարգացումներից՝ շարունակելով բանակցությունները»,- նշեց Թորոսյանը:
Նման իրավիճակից խուսափելու ու ուշացած երկրների շարքում չհայտնվելու համար Թորոսյանն առաջարկեց բանակցությունները սկսել արդեն այսօրվանից, քանի որ փորձարկումների երրորդ՝ վերջնական փուլն այս պահի տեղեկություններով կարող են իրականացվել աշնանը:

Վարչապետն էլ հավելեց, որ պատվաստանյութի հետ կապված դրական նորություններից հետո պետք է առավել խստացնել հսկողությունը, որ մարդկանց մահվան չդատապարտենք:
Ներկայացնելով արդեն այսօրվա վիճակագրությունը նախարարը նշեց, կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներից 650-ն այս պահին գտնվում են ծանր վիճակում, նրանցից 44-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

Նա նաև հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդներից 11–ը սպասում են հիվանդանոց տեղափոխվելու իրենց հերթին:
«Նրանցից 4-ի վիճակը միջին ծանրության է, 7-ինը՝ թեթև: Եվս 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ: Այնպես որ այս մասով վիճակը հարաբերականորեն կայուն է»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 26658 դեպք։ COVID-19-ից մահացել է 459 մարդ (1 օրում ավելացել է 6-ով), ապաքինվել է 15036 անձ (վերջին մեկ օրում` 473)։

 

 

Արմինե Գևորգյան