Բավ է պառակտվել
30-06-2018 23:33

Վանաձորի նորակառույց հսկա հիվանդանոցի պահպանումը խիստ ծախսատար կլինի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջելով Վանաձորի նորակառույց, շքեղ հիվանդանոցի 17 հազար ք/մ մակերեսով տարածքում, մտահոգություն հայտնեց, թե սա էլ կարող է հայտնվել Գյումրիի հիվանդանոցի վիճակում, որը շահագործման հանձնվելուց ընդամենը 4 տարի անց մեծ պարտքեր կուտակեց ու այժմ չի կարողանում հոգալ պահպանության ծախսերը։

Նախարարի համոզմամբ՝ չափազանց մեծ ու անհարկի ծախսեր պահանջող մարզային հիվանդանոց է կառուցվել։ «Այսպիսի բժշկական կենտրոն պահելու համար Հայաստանում կամ պետք է ծնելիությունը 3 անգամ մեծանա, կամ լինի մեծ ներգաղթ»,- ասաց Արսեն Թորոսյանը իրեն ուղեկցող մարզային պաշտոնյաներին։

Վանաձորի ներկայիս հիվանդանոցը նորակառույց շենք տեղափոխելուց հետո միայն տարեկան կոմունալ ծախսերը կավելանան մոտ 55 միլիոն դրամով: Այս մասին նախարարին ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը։ Նա բարձրացրեց նաև մասնագետների պակասի հարցը։ Նորագույն բժշկական սարքավորումներ ունեն, նոր ծառայություններ կմատուցվեն, բայց համապատասխան մասնագետներ մարզում չկան։ Նախարարը հորդորեց քաղաքապետին աջակցել մարզում աշխատելու համաձայնություն հայտնող մասնեգետներին։

Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման համար պետությունը ծախսել է մոտ 8 միլիոն դոլար։ Ծննդատան մասնաշենքը կառուցել է «Տաշիր» ընկերությունների խումբը՝ ծախսելով ավելի քան 2 միլիոն դոլար։ Բժշկական կենտրոնը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2015 թվականին, բայց շինարարությունն ավարտվել է միայն այս տարի։ Դեռ ապրիլ ամսից այն պատրաստ է շահագործման, սակայն կառավարությունն առայժմ քննարկում է կենտրոնի կառավարման ձևերը։ Նախարարը շեշտում է՝ հիվանդանոցի կառավարումը կամ կիրականացնի պետությունը, կամ էլ այն համատարմագրային կառավարման կհանձնվի որևէ ընկերության, որը կընտրվի մրցույթով։

Մինչև այսօր ծննդատան մասնաշենքը հանդիսանում է «Տաշիր» ընկերության սեփականությունը։ Լոռու մարզպետարանում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նախարար Արսեն Թորոսյանը վերջնաժամկետ նշեց՝ գոնե առաջիկա 3 ամսվա ընթացքում հարկ է կազմակերպել կենտրոնի գործունեության մեկնարկը՝ ավարտելով բոլոր իրավական կարգավորումները։ «Տաշիր-ինվեստ» գրուպի ներկայացուցիչ Լևոն Հակոբյանն խոսքով ծննդատուն կառուցելու իրենց նպատակը բացառապես բարեգործությունն է եղել։