Բավ է պառակտվել
05-03-2020 18:34

Ոչ հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնությունը՝ անվճար

Առողջապահության նախարարի հրամանով մեկնարկել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծրագիրը։

Այն ենթադրում է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սոցիալական կարգավիճակից ու հանգամանքից ՝ հիվանդանոց է տեղափոխվել բարեկամների, թե շտապօգնության կողմից, թե գնացել է իր ոտքով՝ անհետաձգելի բուժօգնություն կստանա պետպատվերի շրջանակում։

Ավելի պարզ՝ եթե քաղաքացին ընկել, վնասվածք է ստացել ու նրան պետք է անհետաձգելի բուժօգնություն, ապա այդ ծառայությունը նա հիվանդանոցում կստանա անվճար։ Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը «Gisher.news» -ին փոխանցեց անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների ու ախտորոշումների ցանկը։

«Դրանք են՝ ծակած, կտրած, կծած վերքեր, հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում, մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ, մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն), սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը, սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը, աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը, արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում հիվանդանոցային բուժում, սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը»:

Անհետաձգելի անվճար բուժօգնություն է մատուցվում, երբ հետազոտումն ու բուժումը հնարավոր է իրականացնել առանց հոսպիտալացման՝ 24 ժամվա ընթացքում։ Նպատակը ստացիոնար կազմակերպություններում անհետաձգելի ոչ հիվանդանոցային դեպքերի սպասարկումը բնակչության համար առավել հասանելի ու մատչելի դարձնելն է։ Մինչև այժմ այդ ծառայություններն իրականացվել են վճարովի հիմունքներով:

«Հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային բժշկական օգնություն (Emergency) ծառայության պետական պատվեր տեղադրվել է 40 բազմապրոֆիլ և նեղ մասնագիտական բժշկական հաստատություններում, որոնցից 11-ը Երևանում, իսկ 29-ը` մարզային բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում: Այս պահին այդ ծառայությունը տեղադրված չէ միայն Գեղարքունիքի մարզում։ Երկու հիվանդանոց ՝ Սևանի բ/կ-ն և Մարտունի բ/կ –ն, արդեն հայտ են ներկայացրել, որ իրենց մոտ էլ նման ծառայություններ մատուցվեն։ Եթե հիվանդանոցներն ունենան համապատասխան պայմաններ ու մասնագետներ, կներառվեն ծրագրում» ։

Հիվանդանոցների ցանկը հասանելի է ԱՆ կայքէջում։

 

 

Արմինե Գևորգյան