Բավ է պառակտվել
08-04-2020 14:57

Թոքերի արհեստական շնչառության 10 սարք վերականգնվել է և պատրաստ է շահագործման․ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց,որ թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման վերաբերյալ իրենց կոչերը լավ արձագանքներ ենք ստացել։

«280-ից ավելի նամակներ են եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ էլեկտրոնային հասցեին։ Դրանք արդեն ուսումնասիրվել և դասակարգվել են վերջին երկու օրվա ընթացքում։ Կարող ենք արձանագրել, որ տարբեր տեղերից հայտնաբերված և տրամադրված 10 սարք ունենք այս պահին, որոնք վերականգնվել են և ենթակա են շահագործման։ Անհրաժեշտության դեպքում դա կտրամադրվի Առողջապահության նախարարությանը»,- ասաց նախարարը։
Հակոբ Արշակյանը տեղեկացրեց նաև, որ ամեն օր զանգեր ու նամակներ են ստանում չշահագործվող սարքերի մասին, որոնք տրամադրվում են ինժեներական ասոցիացիային։ Այնտեղ սարքերը վերանորոգվում են և դառնում աշխատանքային։ Նախարարի խոսքով՝ սարքերին վերաբերող նամակներ նախարարությունն ստանում է նաև տարբեր երկրներում ապրող հայերից։
Նախարարը խոսեց նաև էլեկտրոնային առևտրից,ասաց որ գրեթե եռապատկված ցուցանիշ կա։ «Սա խոսում է այն մասին, որ մեկուսացման շրջանակում նաև մեր օնլայն հարթակները և օնլայն տեխնոլոգիաներ կիրառող առևտրականները կարողանում են իրենց առևտուրը կազմակերպել։ Նաև օնլայն դրամական միջոցների շրջանառությունն է բազմապատկվել։ Սա դրական տեղաշարժ է, և այն հնարավորությունները, որոնց մասին խոսում էինք՝ անկանխիկ առևտրի, օնլայն առևտրի, հավելյալ խթան է։ Կարծում եմ, որ դա հետագայում Հայաստանի տնտեսությանը թե՛ թափանցիկության առումով, թե՛ հարմարավետության, թե՛ տարածքների համաչափ զարգացման առումով օգտակար կլինի»,- նշեց նախարար Արշակյանը։

 

 

Արմինե Գևորգյան