Բավ է պառակտվել
27-01-2020 21:14

ԱՀԿ-ն բարձրացրել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի աստիճանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ համաշխարհային մակարդակով մեծացել է կորոնավիրուսի տարածման սպառնալիքը, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։

“Սպառնալիքի շատ բարձր աստիճան է Չինաստանում, բարձր՝ տարածաշրջանում և համաշխարհային մակարդակով”, ասվում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին ԱՀԿ զեկույցում։

Մինչ այդ, զեկույցներում համաշխարհային մակարդակով սպառնալիքը գնահատվել էր “չափավոր”։ Սակայն ԱՀԿ-ն նշել է, որ նախորդ տարբերակում եղել է սխալ, որն այժմ շտկվել է։

Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 80-ից ավել մարդ, իսկ նոր վիրուսով վարակվածների թիվն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է մոտ 2,8 հազար մարդ:

Երկրի ցամաքային սահմաններից դուրս վիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում: Բացի այդ, հիվանդության դեպքեր են հայտնաբերվել Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Մալայզիայում և Ֆրանսիայում, Վիետնամում, Նեպալում և Կանադայում: