Բավ է պառակտվել
04-03-2020 13:58

Տարիք, սեռ, բուժման առանձնահատկություններ․ փորձագետների նոր փաստերը կորոնավիրուսի մասին

ԱՀԿ-ն 25 միջազգային փորձագետ է ուղարկել Չինաստան․ստորևներկայացված են 9 օրվա աշխատանքի հիմնական արդյունքները։

ԱՀԿ-ն միջազգային փորձագետների խումբ է ուղարկել Չինաստան՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի տարածումը, որով, ըստ վերջին տեղեկությունների, ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 90.870 մարդ: 80 304-ը բաժին է ընկնում Չինաստանին, մնացած 10 566-ն` այլ երկրներին: Փորձագետների թվում էր ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական մասի տնօրեն Քլիֆորդ Լեյնը: ԱՀԿ--ի և Չինաստանի համատեղ առաքելության եզրակացությունները հրապարակվել են 40 էջանոց եզրափակիչ զեկույցում` Պեկին, Ուհան, Շենժեն, Գուանչժոու և Չենդու կատարած այցերի արդյունքների հիման վրա: Մենք ընտրել ենք հիմնական փաստերն այն մասին, թե ով է առավելագույնս խոցելի վիրուսի նկատմամբ և որոշ խորհուրդներ՝ հիվանդության տարածման աճին հակազդելու համար:

Վիրուսով վարակված մարդկանց մեծ մասի մոտ (80%) հիվանդությունն անցնում է թեթև, և նրանք առողջանում են: Վարակվածների մոտ 13.8% -ն ունեցել է ծանր ախտանիշներ, ինչպիսիք են հևոց և արյան՝ թթվածնով նորմալից ցածր հագեցվածություն, իսկ հիվանդների 6.1%-ը գտնվում էին կրիտիկական վիճակում (շնչառական անբավարարություն, սեպտիկ շոկ և բազմաթիվ օրգանների ֆունկցիոնալ անբավարարություն)։

Վարակվածների ճնշող մեծամասնության մոտ վաղ թե ուշ սկսում են դրսևորվել հիվանդության ախտանիշները: Հազվադեպ են այն դեպքերը, երբ մարդկանց մոտ հայտնաբերվել է վիրուսը, բայց ախտանիշեր չեն եղել, և նրանց մեծ մասը հիվանդանում է հաջորդ մի քանի օրվա ընթացքում:

Կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշներն են`տենդը (87.9%) և չոր հազը (67,7%): Հոգնելիությունը (38.1%), խորխարտադրությունը հազի ժամանակ (33.4%), հևոցը (18.6%), կոկորդի ցավը (13.9%), գլխացավերը (13.6%), մկանային ցավերը ( 14.8%), դողերոցքը (11.4%) նույնպես հաճախ են հանդիպում: Ավելի հազվադեպ լինում է սրտխառնոց և փսխում (5%), քթի փակվածություն (4,6%) և լուծ (3,7%): Հարբուխը Covid- ի ախտանիշ չէ:

Երեխաների հիվանդացությունը։ Մինչև 18 տարեկան երեխաները հիվանդանում են բավականին հազվադեպ․ բոլոր դեպքերի միայն 2.4% -ը: Մինչև 19 տարեկան հիվանդների ծայրահեղ փոքր մասի մոտ է եղել հիվանդության ծանր (2,5%) կամ կրիտիկական (0.2%) աստիճան: Մեծ մասամբ երեխաները վարակվել են իրենց տան մեծահասակներից, բայց հնարավոր չէ որոշել երեխաների դերը վարակի փոխանցման գործում: Ուհանում գրիպին նման հիվանդությունների դեպքերը վերլուծելիս պարզվել է, որ 2019-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կամ 2020-ի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում ոչ մի երեխա չի վարակվել:

Առկա տվյալների հիման վրա անհնար է որոշել երեխաների շրջանում վարակի տարածման մասշտաբը, երեխաների դերը վարակի փոխանցման գործում, արդյո՞ք երեխաները պակաս խոցելի են, և արդյո՞ք կան հիվանդության ընթացքի կլինիկական տարբերություններ (այսինքն՝ որպես կանոն, ավելին մեղմ ընթացք): Վարակված երեխաներին հնարավոր է եղել բացահայտել, հիմնականում, մեծահասակների ընտանիքներում շփումները հայտնաբերելու միջոցով: Հատկանշական է, որ առաքելության անդամների կողմից հարցափորձված անձինք չէին կարող մտաբերել վարակը երեխայից մեծահասակին փոխանցվեու դեպքեր։

Սեռով պայմանավորված խոցելիություն։ Ըստ զեկույցի՝ կանայք վարակվում են նույնքան հաճախ, որքան տղամարդիկ, բայց տղամարդիկ կանանցից երկու անգամ ավելի հաճախ են մահանում են հիվանդությունից: Հիվանդությունից մահացել է չինացի կանանց 2,8% -ը, իսկ վարակված տղամարդկանց 4.7% -ը։

Հղի կանայք։ Հիվանդության ընթացքը հղի կանանց մոտ ավելի ծանր չէ, քան մնացած բոլոր դեպքերում: 147 հղի կանանց (64 հաստատված դեպք 82՝ կորոնավիրուսի կասկածով և առանց ախտանշանների 1 դեպք) հետազոտման ընթացքում 8% -ի մոտ հիվանդության ընթացքը եղել է ծանր, իսկ կանանց 1% -ը գտնվում է կրիտիկական վիճակում: Վարակված կանանց մոտ ծննդաբերության 9 ուսումնասիրված դեպքում երեխաները ծնվել են կեսարյան հատումով և չեն վարակվել: Կանայք վարակվել են հղիության վերջին եռամսյակում: Թե ինչ ազդեցություն է ունենում վարակը սաղմի վրա առաջին կամ երկրորդ եռամսյակի ընթացքում, դեռևս պարզ չէ, քանի որ այդ երեխաները դեռ չեն ծնվել:

Կախվածությունը տարիքից։ Զեկույցի հեղինակները նշում են, որ որոշ տարիքային խմբեր, ներառյալ 50 տարեկանից բարձր մարդիկ ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ։ Այսպիսով, որքան ավելի երիտասարդ եք, այնքան ավելի քիչ հավանական է, որ վարակվեք և ավելի քիչ հավանական է, որ վարակվելու դեպքում լուրջ հիվանդանաք:

Ուղեկցող հիվանդություններ և մահացություն: Վիրուսն ամենից վտանգավոր է այնպիսի հիվանդություններով տառապող մարդկանց համար, ինչպիսիք են` գերճնշումը, շաքարախտը, սրտանոթային հիվանդությունները, քրոնիկ շնչառական հիվանդությունները և քաղցկեղը: Չինաստանում սրտանոթային հիվանդություններ ունեցող վարակվածների շրջանում մահացության ցուցանիշը կազմել է 13,2%, 9,2% ունեին արյան մեջ շաքարի բարձր մակարդակ (չկառավարվող շաքարախտ), 8,4%` արյան բարձր ճնշում, 8%-ը` քրոնիկ շնչառական հիվանդություններ և 7,6% -ը՝ քաղցկեղ: Համապատասխան նախկին հիվանդություններ չունեցող մարդիկ մահացել են դեպքերի 1,4% -ում:

Մահացության մակարդակը: Փետրվարի 20-ի դրությամբ 55.924 լաբորատոր հաստատված դեպքերից մահացել է 2114-ը (մահացության մոտավոր մակարդակը կազմում է 3,8%): Մահացության ընդհանուր մակարդակը կախված է վարակի տարածման վայրից և ինտենսիվությունից (օրինակ՝ Ուհանում՝ 5,8%, իսկ Չինաստանի այլ շրջաններում ՝ 0,7%): Չինաստանում ընդհանուր մահացության մակարդակն ավելի բարձր էր համաճարակի վաղ փուլերում (հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ախտանիշներն ի հայտ եկած դեպքերի 17.3%) և ժամանակի ընթացքում նվազել է ՝ հասնելով 0,7% -ի այն հիվանդների շրջանում, ում մոտ ախտանշաններն ի հայտ են եկել փետրվարի 1-ից հետո: Համատեղ առաքելության անդամները նշել են, որ համաճարակի ժամանակ բարձրացել է բժշկական օգնության որակը:

Ներկայումս Չինաստանը կարող է շաբաթական արտադրել և մատակարարել նոր կորոնավիրուսի ախտորոշման 1,65 միլիոն թեստավորման հավաքածու: Թեստի արդյունքը կարելի է ստանալ նույն օրը: Ամբողջ երկրում բժիշկի դիմած տենդող յուրաքանչյուր ոք ստուգվում է վիրուսի առկայության նկատմամբ. Ուհանից զգալի հեռավորության վրա գտնվող Գուանդուն նահանգում թեստավորվել է 320 000 մարդ, որոնցից 0,14% -ի մոտ թեստի արդյունքը եղել է դրական։

Նոր վիրուսը 96% -ով գենետիկորեն նույնական է հայտնի կորոնավիրուսին, որը հայտնաբերվել է չղջիկների մոտ և 86-92% -ով՝ պանգոլինների կորոնավիրուսին: Այսպիսով, մուտատավորված վիրուսի կենդանիներից մարդկանց փոխանցումը նոր վիրուսի ամենահավանական պատճառն է:

Հունվարի վերջից Չինաստանում կորոնավիրուսի ախտորոշման նոր դեպքերի թիվը կայունորեն նվազում է (տես՝ ներկայացված գրաֆիկը), իսկ վերջին օրվա ընթացքում ի հայտ է եկել միայն 329 նոր դեպք։ Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմում էր օրական մոտ 3000 դեպք:

«Չինաստանում COVID-19- ի դեպքերի թվի նվազեցումն իրականություն է», - ասվում է զեկույցում: Հեղինակներն այս եզրակացությանը հանգել են ելնելով իրենց անմիջական փորձից, տուժած շրջաններում հիվանդանոցներ դիմելու դեպքերի կրճատումից, հիվանդանոցներում ազատ տեղերի աճող քանակից և այն դժվարություններից, որոնց հետ բախվում են չինացի գիտնականները, երբ փորձում են վերջերս վարակված մարդկանց բավականաչափ քանակ ներգրավել դեղամիջոցների բազմաթիվ կլինիկական փորձարկումներին մասնակցելու համար:

Նյութում հրապարակված է մամուլի ասուլիսի՝ վարակի դեպքերի թվի նվազման գնահատմանը վերաբերող համապատասխան հատվածը:

Ախտանիշների հայտնվելուց մինչև լաբորատոր հետազոտությունների միջոցով վարակի հաստատումն ընկած ժամանակահատվածը հունվարի սկզբին կազմել է 12 օր (միջակայքը՝ 8-18 օր), որը 2020թ․ փետրվարին նվազել է մինչև 3 օր (1-7 օր), իսկ Ուհան քաղաքում ՝ համապատասխանաբար 15 օրից (10-21 օր) մինչև 5 օր (3-9 օր): Սա թույլ է տվել ավելի վաղ հայտնաբերել վարակվելու և շփում ունենալու դեպքերը, մեկուսացնել և բուժել հիվանդներին:

Համաճարակը զսպելու կարևոր պայմաններից մեկն այն է, որ Չինաստանը երկրում վարակված բոլոր անձանցից ճշտում է նրանց շփումների շրջանակը և ստուգում նաև այդ մարդկանց։ Ուհանում դրանով զբաղվում է 1800 խումբ, յուրաքանչյուրի կազմում՝ առնվազն հինգ մարդ։ Լայնածավալ գործունեություն է ծավալված նաև Ուհանից դուրս։ Օրինակ՝ Ժենչժենում վարակվածները նշել են 2842 մարդ, ում հետ նրանք շփվել են, և նրանք բոլորը հայտնաբերվել են։ Ներկայիս դրությամբ ստուգվել է 2240 մարդ, որոնց 2,8% -ը վարակված է եղել վիրուսով: Սիչուան նահանգում նշվել է 25 493 մարդ, որոնց հետ շփման մեջ են եղել վարակվածները, որոնցից 25,347-ը հայտնաբերվել են (99%), արդեն հետազոտվել է 23178 մարդ, որոնց 0,9% -ը վարակված է: Գուանդունում նշվել է այդպիսի 9939 մարդ, նրանք բոլորը հայտնաբերվել են, արդեն հետազոտվել է 7765 մարդ, նրանցից 4,8% -ը վարակված է: Սա նշանակում է հետևյալը. եթե դուք ուղղակի անձնական շփման մեջ եք եղել վարակված մարդու հետ, վարակի հավանականությունը 1% -ից 5% է:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ չնայած դեպքերի զգալի քանակին ՝ 6,3 միլիարդ բնակչության հաշվարկով բռնկումը դեռ չի հասել համաճարակի մակարդակի. «Ինձ սխալ չհասկանաք, ես չեմ թերագնահատում իրավիճակի լրջությունը կամ պանդեմիայի վերածվելու դրա հավանականությունը, քանի այն ունի այդպիսի ներուժ», - ասել է Գեբրեյեսուսը: «Հնարավոր է ցանկացած սցենարի զարգացում»:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար երկրները պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն առողջապահական ոլորտի աշխատողների պաշտպանությանը և պաշտպանեն նրանց, ովքեր ենթարկվում են առավելագույն ռիսկի, և պաշտպանեն առավել խոցելի երկրները: «Մենք ոչ միայն պայքարում ենք վիրուսը զսպելու և կյանքեր փրկելու համար: Մենք նաև պայքարում ենք, որպեսզի կարողանանք զսպել այս գլոբալ համաճարակի պատճառած սոցիալական և տնտեսական վնասները», - նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենը: Հիմա եկել է գլոբալ համերաշխության ժամանակը` քաղաքական, տեխնիկական և ֆինանսական»:

Զեկույցի հեղինակները հանրությանը տալիս են հետևյալ խորհուրդները.

Հասկացեք, որ COVID-19-ը նոր և վտանգավոր հիվանդություն է, բայց համաճարակը կարելի է հաղթել հատուկ միջոցների կիրառմամբ, և վարակվածների մեծ մասն առողջանում է:

Սկսեք ճշտակատարությամբ կիրառել COVID-19-ի կանխարգելման ամենակարևոր միջոցառումները: Ձեռքերը հաճախ լվացեք և փռշտալիս կամ հազալիս միշտ ծածկեք բերանը և քիթը:

Շարունակեք հետևել COVID-19-ի և դրա նշանների և ախտանիշների վերաբերյալ լուրերին, (օրինակ՝ տենդը և չոր հազը), քանի որ պայքարի ռազմավարություններն ու մեթոդներն անընդհատ ոարմացվում են այս հիվանդության մասին ավելի ու ավելի շատ տեղեկություններ կուտակելուն համընթաց:

Պատրաստ եղեք ակտիվորեն պայքարել COVID-19-ի դեմ տարբեր եղանակներով: Մասնավորապես, սոցիալական փոխհարաբերությունների ընթացքում ավելի մեծ հեռավորություն պահպանեք և օգնեք տարեցներին, ովքեր ավելի խոցելի են հիվանդության նկատմամբ։

Համաշխարհային հանրության մեծ մասը դեռ պատրաստ չէ՝ հոգեբանորեն և ֆինանսապես, իրականացնել այն մեթոդները, որոնք օգտագործվել են Չինաստանում COVID-19-ի տարածումը զսպելու համար: Սրանք միակ մեթոդներն են, որոնք, ապացուցված է, որ կանգնեցնում կամ նվազագույնի են հասցնում վարակի տարածումը մարդկանց շրջանում: Այս մեթոդների ֆունդամենտալ ասպեկտն է՝ չափազանց պրոակտիվ դիտարկում վարակի դեպքերն անհապաղ հայտնաբերելու, անհապաղ ախտորոշելու և անմիջապես մեկուսացնելու նպատակով, ինչպես նաև բնակչության կողմից այդ մեթոդների ըմբռնման և ընդունման բացառիկ մակարդակ»:

Այն երկրներին, որտեղ դեպքեր չեն հայտնաբերվել, ԱՀԿ-ն առաջարկում է հետևյալ միջոցները.

1. Պատրաստ եղեք անհապաղ գործարկել արտակարգ իրավիճակների արձագանքման գործընթացներն առավելագույն մասշտաբով, որպեսզի գործողությունները ձեռնարկվեն COVID-19- ի բռնկումը վաղ զսպելու համար անհրաժեշտ դաշնային և հանրային մակարդակով։

2. Անցկացրեք ազգային պատրաստվածության պլանների հրատապ փորձարկում՝ COVID-19-ի դեմ ոչ դեղորայքային միջոցառումների արդյունավետության վերաբերյալ նոր գիտելիքների լույսի ներքո. COVID-19-ին պատրաստվածության և արձագանքման ազգային պլաններում ներառեք արագ ախտորոշման մեթոդներ, հիվանդության դեպքերի լայնածավալ հայտնաբերում և շնչառական սարքավորումներով ապահովվածություն, ինչպես նաև բոլոր շփումների մանրակրկիտ դիտարկում և վերահսկում:

3. Անհապաղ ուժեղացրեք COVID-19- ի համաճարակաբանական հսկողությունը, քանի որ հիվանդության արագ հայտնաբերումը շատ կարևոր է դրա տարածումը զսպելու համար. Դիտարկեք ատիպիկ թոքաբորբով բոլոր հիվանդներին COVID-19 վիրուսի նկատմամբ թեստավորման և գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգում վիրուսի առկայության նպատակով թեստավորումն ավելացնելու հնարավորությունը:

4. Արդեն հիմա ապահովեք վարակի կանխարգելման և հսկման միջոցառումների խիստ պահպանումը բոլոր բժշկական հաստատություններում, հատկապես՝ շտապ օգնության բաժանմունքներում և պոլիկլինիկաներում, քանի որ այնտեղից է, որ COVID-19- ը կսկսի տարածվել առողջապահական համակարգում:

5. Արագ գնահատեք, թե որքանով են քաղաքացիները տեղեկացված COVID-19- ի մասին և համապատասխանաբար ճշգրտեք դաշնային մակարդակով տարածվող բժշկական լրատվանյութերը, ինչպես նաև առողջության ամրապնդման միջոցառումների պլանը. Լրատվամիջոցների հետ շփումներում ներգրավեք բժշկական ոլորտի հարգված ներկայացուցիչներին:

COVID-19- ը տարածվում է ապշեցուցիչ արագությամբ: COVID-19 համաճարակը ծայրաստիճան լուրջ հետևանքներ ունի ցանկացած միջավայրում, և արդեն կան ապացույցներ, որ ոչ դեղորայքային մեթոդները կարող են նվազեցնել և նույնիսկ ընդհատել վարակի փոխանցումը: Անհանգստացնում է այն փաստը, որ գլոբալ և ազգային մակարդակներոում նախապատրաստման պլանավորումը հաճախ չի ներառում այդպիսի մեթոդներ: Այնուամենայնիվ, COVID-19-ով հիվանդանալու դեպքերը և մահացության մակարդակը նվազեցնելու համար կարճաժամկետ նախապատրաստումը պետք է ներառի հանրային առողջության բարձրորակ ոչ դեղորայքային մեթոդների լայն կիրառում: Այս մեթոդները պետք է ներառեն վարակի դեպքերի անհապաղ հայտնաբերում և մեկուսացում, սերտ շփումների առավելագույն հայտնաբերում և հսկողություն / կարանտինի սահմանում, ինչպես նաև բնակչության / հանրության անմիջական ներգրավվածություն, - նշել են փորձագետները։