Բավ է պառակտվել
20-09-2016 09:09

1-ին անգամ մանկական ուղեղային կաթվածով երեխան ինքնուրույն քայլելու հնարավորություն է ստացել

Մանկական ուղեղային կաթված ունեցող չորսամյա երեխան հնարավորություն կունենա սովորել ինքնուրույն քայլել Ալմազովի կենտրոնում դեղամիջոցով պոմպի պատվաստման՝ առաջին անգամ կիրառված մեթոդի շնորհիվ:

Նախկինում այդ մեթոդը կիրառվել է միայն մեծահասակների համար, հայտնում է կենտրոնի մամուլի ծառայությունը:

«Պոմպերը պատվաստել են 8 և 4 տարեկան երեխաների, ովքեր տառապում են մանկական ուղեղային կաթվածով: Առաջին դեպքում պոմպի տեղադրումը թույլ է տվել ազատվել երեխային բարձր տոնուսի հետ կապված ուժեղ ցավերից: Իսկ երկրորդ դեպքում՝ ամբողջովին թուլացնել ոտքերի մկանները, ինչը թույլ է տվել հիվանդին հետագայում քայլելու հնարավորություն ունենալ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Մեթոդի էությունը մաշկի տակ հատուկ սարքի՝ պոմպի տեղադրումն է, որը խողովակով ողնուղեղին անդադար բակլոֆեն է մատակարարում, որ առավելագույնս թուլացնի սեղմված մկանները: Պոմպը 7 սմ տրամագծով տիտանային սկավառակ է, այն տեղադրվում է հիվանդի որովայնի հատվածում: Շրջապատողների համար այն գրեթե աննկատ է և մարդուն որևէ անհարմարավետություն չի պատճառում: Դեղորայքի այսպիսի ներարկումը թույլ է տալիս խուսափել սովորական դեղորայքային թերապիայի ժամանակ հայտնվող բարդացումներից՝ լյարդի, երիկամների և այլ օրգանների գերբեռնվածությունից, և նվազեցնել դեղորայքի չափաբաժինը մոտ 100 անգամ:

Չորսամյա երեխային պոմպի օգնությամբ սեղմվածքը հանելուց հետո բուժական ֆիզկուլտուրայի ինտենսիվ թերապիա են նշանակել՝ բալիկին ինքնուրույն քայլել սովորեցնելու նպատակով:
Թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, բժիշկները դեռ կանխատեսումներ չեն կատարում, քանի որ սա առաջին դեպքն է, բայց նշում են, որ պարապմունքներից դրական տեղաշարժ արդեն նկատվում է:

Ծրագրվում է մեթոդը կիրառել նաև հետագայում, արդեն կան թեկնածուներ նմանատիպ վիրահատությունների համար: Բայց դրանք կանցկացվեն արդեն վիրահատություն անցածներին զննելուց հետո միայն: Ամսաթվերը դեռ չեն որոշվել, հայտնել են Ալմազովի անվան դաշնային բժշկական հետազոտական կենտրոնում: