Բավ է պառակտվել
22-07-2019 12:06

Բժիշկները հայտնել են Մերկելի ախտորոշումը

Հայտնի է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ախտորոշումը։ Բադ Բրամշթեդտի Շոնայի հոգեսոմատիկ կլինիկայի և հոգեթերապիայի գլխավոր բժիշկ Բերնհարդ Օսենը կարծում է, որ Մերկելի մոտ «օրթոստատիկ տրեմոր» է։

Օրթոստատիկ տրեմորը հիվանդագին վիճակ է, որը բնութագրվում է ոտքերում և մարմնում բարձր հաճախականության ցնցումներով, որոնք ի հայտ են գալիս ոտքի կանգնելիս, բայց վերանում՝ քայլելիս, նստելիս կամ պառկելիս:

Ինչպես գրել է բրիտանական Daily Express պարբերականը, Մերկելի մոտ ցնցումներն առաջին անգամ եղել են հունիսի 18-ին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Բեռլինում դիմավորելիս: Նա դրանից հետո մեկնաբանել է, թե ցնցումները կապված էին ջրազրկման հետ:

Ինն օր անց ցնցումները կրկնվել են, երբ Մերկելը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Բելվյու դղյակում հանդիպել է արդարադատության նոր նախարար Կրիստինա Լամբրեխթի հետ:

Ցնցման երրորդ նոպան եղել է մի քանի օր անց, բայց Մերկելը կրկին ասել է, թե ամեն ինչ նորմալ է:

Բերնհարդ Օսենի կարծիքով, նախորդ նոպաների մասին հիշողություններն առաջացնում են նորերը: Նա նշել է, որ հաճախակի ցնցումներից խուսափելու համար պետք է մարմնի մկանները թուլացնող հատուկ վարժություններ կատարել:

Նոյշթադտի կլինիկայի նյարդաբանության և կլինիկական նյարդաֆիզիոլոգիայի բաժնի գլխավոր բժիշկ Ուվե Յանյեն ասել է, որ «օրթոստատիկ տրեմորն» անվտանգ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս մարդու մոտ միայն կանգնած դիրքում:

«Օրթոստատիկ տրեմորը կարելի է բուժել, մասնավորապես, այսպես կոչված, բենզոդիազեպինների օգնությամբ, սակայն դրանք ունեն որոշ կողմնակի ազդեցություններ, օրինակ, գլխապտույտ կամ հոգնածություն, այդ իսկ պատճառով պետք է օրգանիզմի համար օպտիմալ դեղամիջոց գտնել», - նշել է նա։

Ավելի վաղ, ՄեդիկՖորումը գրել էր, թե ինչ հիվանդություններ ունեն Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի ղեկավարները և ինչպես են պայքարում դրանց դեմ։