Բավ է պառակտվել
14-12-2018 14:10

Ռուսաստանից Հայաստան խոզի մսի և թռչնամսի ներկրումը ժամանակավոր սահմանափակված է

Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի տարածք կանխելու նպատակով գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանից և այն տարածքներից, որոնք այդ հիվանդությունների նկատմամբ ունեն “անապահով” կամ “անորոշ” կարգավիճակ, տեղեկացրել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվական կենտրոնը։

Մասնավորապես, ընթացիկ տարվա դեկտեմբերի 14-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկ նյութերի, խոզամսի և այլ մսային հումքի, վայրի խոզի մսի, խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքի ներմուծումը։

Սահմանափակումը տարածվել է նաև եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) վրա։
Բացի այդ, սահմանաջակվել է կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամսի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:

Ըստ գերատեսչության՝ որոշումը կայացվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքէջում հրապարակված տեղեկության, ինչպես նաև “Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման” վերաբերյալ այդ երկրի Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության որոշման հիման վրա: