Հերթական բողոքի ակցիան, այս անգամ Եղվարդ համայնքում։ Առողջապահության նախարությունը 2020 թ–ի հունվարի մեկից դադարեցնում է Եղվարդի ծննդատան ֆինանսավորումը։
Եղվարդցիները նշում էին, որ սա սխալ որոշում է, որից տուժելու են ոչ միայն Եղվարդի, այլև՝ շրջակա մի քանի գյուղի բնակիչներ։
«Իմ հարսը երկու ամիս առաջ ա ստեղ ծննդաբերել։ Ասում ա՝ պապ, ինչ հիվանդ էլ լինի, մենակ բժիշկների հոգատար վերաբերմունքից էս հիվանդանոցում կլավանա։ Տղուս ասում եմ՝ երեխա ունեցար, մաղարիչ արեցի՞ր, ասումա՝ պապ, ոչ մեկ ոչ մի կոպեկ չվերցրեց։ Սրա՞ համար են Եղվարդի ծննդատունը փակում», - հարց ուղղեց ցուցարար տղամարդկանցից մեկը՝ շեշտելով, որ ծննդատանը ոչ մեկի չի ճանաչում, ոչ մեկին պաշտպանելու խնդիր չունի։
Մեկ այլ տղամարդ էլ հիշեցրեց, որ անգամ Եղվարդի դիահերձարանն է փակվել։ «Կերաք ժողովրդին, կերաք։ Փաշինյանը չի՞ տեսնում, որ իր կողքը դավաճաններ են», - ասաց նա։
Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը,ով նշեց, որ Եղվարդի ծննդատան գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր որոշում իրենք չեն ստացել։
«Քաղաքական որոշումն այն է, որ Եղվարդի ծննդատունը պետք է մնա և գործի։ Ես կողմ եմ հիվանդանոցի վերազինմանն ու վերակառուցմանը։ Մնացած որոշումներն ընթացակարգային են, Եղվարդի ծննդատան աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Մարզպետը նշեց, որ «Նաիրի» ԲԿ-ն դրականորեն տարբերվում է ծննդօգնության այլ կենտրոններից այն իմաստով, որ 2019թ-ին՝ համեմատությամբ 2018-ի ընդունել են ավելի շատ ծննդկանների։ Իսկ նախարարի նշված շեմից զիջում է ընդամենը 15- ով։
Մարզպետն իր այս մտահոգություններ է հայտնել նախարարին՝ տեղեկացնելով, որ Եղվարդ համայնքը և հարակից շրջանները սպասարկելու համար ունեն մեկ այլ ծննդատուն՝ Աբովյանի ծննդատունը, որը բավականին հեռու է Եղվարդից, մյուս տարբերակը Երևանի ծննդատներն են, որոնք նույնպես բավական հեռու են Եղվարդից։ Այս կենտրոնը սասարկում է ոչ միայն Եղվարդը, այլև հարակից գյուղերն ու բնակավայրերը, որոնք բավական հեռու են Երևանից։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետեւանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի եւ 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները փակվելու են։
Արմինե Գևորգյան