Բավ է պառակտվել
18-03-2019 15:08

Կանաչ թեյը բարելավում է աղիների վիճակը և պաշտպանում է ճարպակալումից

Օհայո նահանգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ կանաչ թեյի օգտագործումը բարելավում է աղիքային միկրոֆլորան, նվազեցնում է օրգանիզմում բորբոքումների առաջացման վտանգը և օգնում է խուսափել ճարպակալումից: Հետազոտողները փորձերը կատարել են մկների վրա․ նրանց աշխատանքի մասին պատմել է Journal of Nutritional Biochemistry ամսագիրը:

“Այս ըմպելիքում պարունակվող նյութերը բարելավում են աղիների աշխատանքը՝ նպաստելով օգտակար բակտերիաների աճին և դրանց պատերի ամրապնդմանը: Սա ապահովում է հակաբորբոքային ազդեցություն, որը կապված է ճարպային հյուսվածքների աճի նկատմամբ մարմնի պաշտպանվածության հետ“, - պատմել են մասնագետներն ամսագրում հրապարակված հոդվածում:

Փորձարկումների ընթացքում մկներին տրվել է ճարպերով հարուստ սննդակարգ, բայց կենդանիների մի մասը պարբերաբար ստացել է թեյի երկու տոկոսանոց մզվածք։ Ութ շաբաթ անց կանաչ թեյի խտանյութ ստացած կրծողների առողջական վիճակը զգալիորեն ավելի լավ է եղել, քան թեյ չստացած կենդանիներինը։ Թեյի հավելումը մկներին պաշտպանել է ճարպոտ սննդակարգի հետևանքով առաջացող ճարպակալումից: Թեյ ստացող մկների խումբը 20% -ով ավելի քիչ ճարպային զանգված է հավաքել, և նրանց արյան մեջ շաքարի մակարդակն ավելի ցածր է եղել։

Գիտնականների կարծիքով, կանաչ թեյը նաև պաշտպանել է կենդանիների մարմինը աղիներից արյան մեջ ներթափանցող էնդոտոքսիններից: Սա հաճախ տեղի է ունենում “ծակ աղիքի” համախտանիշի դեպքում: Նման սինդրոմը նշանակում է, որ աղիի պատերի մեջ առկա են վնասվածքներ, որոնք թույլ են տալիս օրգանիզմում բորբոքային ռեակցիաներ առաջացնող թափոնների տարբեր բաղադրիչների ներթափանցումը:

Այժմ հետազոտողները ուսումնասիրում են կանաչ թեյի ազդեցությունը մետաբոլիկ սինդրոմով հիվանդների օրգանիզմի վրա: