Բավ է պառակտվել
21-01-2020 15:39

Նոր կորոնավիրուսի զոհ է դարձել 6 մարդ։ ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի հարցով արտակարգ նիստ է հրավիրում

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտակարգ հանձնաժողովի շտապ նիստ է հրավիրում՝ կապված Չինաստանում նոր կորոնավիրուսի հայտնաբերման հետ, նշվել է կազմակերպության մամլո հաղորդագրությունում։

“Կոմիտեն կհանդիպի չորեքշաբթի, հունվարի 22-ին Ժնևում, պարզելու, այն հարցը, թե հանդիսանում է արդյոք այդ հիվանդության բռնկումը միջազգային մասշտաբով արտակարգ իրավիճակ”,- նշվել էհաղորդագրությունում։
Չինաստանի Ուհան քաղաքում նոր տիպի կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին տեղեկացրել է քաղաքապետը։
ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեից հայտնել են, որ դեպքերի ընդհանուր թիվը 291-ն է: Ներկայումս 227 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ, որոնցից 51-ի վիճակը ծանր է, 12-ը՝ կրիտիկական: Ուհանի իշխանությունները խստացրել են քաղաք մուտքի և ելքի վերահսկողությունը`հիվանդության հետագա տարածումը կանխելու համար:
Չինաստանից ստացված հաղորդումների ֆոնին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ աշխատում է էքսպրես թեստի վրա`վտանգավոր վիրուսը հայտնաբերելու համար, հայտնել է Russia 24-ը: Պրիմորիեյում խստացրել են վերահսկողությունը բոլոր անցակետերում, իսկ մայրաքաղաքի օդանավակայաններում մտցրել անվտանգության հատուկ կանոններ:
2019-ի դեկտեմբեր ամսվա վերջին Չինաստանում գրանցվել է 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի բռնկում: Առաջին վարակվածները ծովամթերքի շուկայում գնորդներն են եղել: