Բավ է պառակտվել
04-11-2020 21:00

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը 04.11.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը. «Այսօր ողջ օրվա ընթացքում հակառակորդը մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ հյուսիսարևելյան ուղղությամբ փորձել է հարձակման փորձ իրականացնել, որպես կանոն նման փորձեր իրականացնում են վաշտային կամ գումարտակային մարտավարական խմբեր, առանձին դիվերսիոն խմբեր: Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ մի վաշտային խումբ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, կորցրել է 2-3 միավոր զրահատեխնիկա, հետ է շպրտվել:

ՀՀ սահմանների հատվածներում, առնվազն Գեղարքունիքի հատվածում երեք անգամ թշնամական ԱԹՍ է խոցվել հայկական ՀՕՊ-ի կողմից շատ կարճ ժամանակահատվածում, այլ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել այլ հատվածներում»,- ասաց նա:

«Հիմա մեր վիճակն էլ ավելի լավ է, քան՝ 15 օր առաջ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այժմ թե՛ մեր ներուժը, թե՛ ինքնակազմակերպումը, թե՛ կառավարումը շատ ավելի լավ վիճակում են. «Ադրբեջանական պսևդոթեզերը, որ սերմանվում են մեզ, մենք դրանք Արցախում չենք տեսնում: Իմաստ չունի այդ ամբողջ հակաքարոզչությունը: Այն մարդիկ, որ այստեղ ընկել են ադրբեջանական հակաքարոզչության տակ, որոշակի կամային թուլություններ են դրսևորում, ես ուղղակի ասում եմ՝ մենք հաղթելու ենք, ես վստահ եմ, որ հաղթելու ենք: Ես երբեք չէի ասի դա, եթե ինքս վստահ չլինեի, որովհետև ես տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը: Չի կարող էս կամքը, էս էներգիան պարտվի ուղղակի, դա անհնար է: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ չափով կասկածել, կամ կասկածում են, ուղղակի կարող են մեկ-մեկ մաքուր օդ շնչել էդ տղերքի հետ, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա: