Երևան, Հայաստան – Հայաստանի վեց առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն են տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիմաց՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները ոչ լեգիտիմ համարելով։ Նրանք պնդում են, որ ընտրություններն անցկացվել են այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքների, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» և «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունների կողմից արված հայտարարության մեջ ընդգծվում է, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել «համակարգային ու կազմակերպված խախտումներ»։ Ընդդիմության կարծիքով՝ այս խախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա։
Ընդդիմության հիմնական պահանջների շարքում նշվել են հետևյալ կետերը։
- Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ. Պնդվում է, որ պետական և համայնքային պաշտոնյաները, ինչպես նաև կրթական, առողջապահական հաստատությունների և ուժային կառույցների ռեսուրսներն ինտենսիվորեն ներգրավվել են քաղաքական գործընթացներում՝ խաթարելով հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ստեղծել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։
- Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ. Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները, ինչպես նշվում է, կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները՝ սերմանելով վախի մթնոլորտ։
- Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում. Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։
- Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում. Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար՝ խախտելով հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։
- Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում. Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դեպքեր են արձանագրվել, որոնք ազդեցություն են գործադրել ընտրության արդյունքների և քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։ Սա, ըստ ընդդիմության, զուգորդվել է վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ՝ մինչև քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալների ներկայացումը։
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։ Նրանք կարծում են, որ նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։ Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն, ըստ նրանց, ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։ Ընդդիմությունը խոստանում է շարունակել գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։


Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ԿԸՀ շենքի մոտ (ուղիղ եթեր)

