Բավ է պառակտվել
29-03-2014 01:36

Յուլիա Տիմոշենկոն մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին


Ուկրաինայի նախագահի թեկնածուների առաջադրման ժամկետի ավարտից մի քանի օր առաջ ընտրություններում իր մասնակցությունն է հաստատել Յուլիա Տիմոշենկոն: Մարտի 29-ին կկայանա նրա «Բատկիվշչինա» կուսակցության համագումարը, որի ժամանակ նախկին վարչապետը կառաջադրվի որպես երկրի նախագահի թեկնածու: Համենայն դեպս, Տիմոշենկոն արդեն իսկ սկսել է իր նախընտրական արշավը: Օրեր առաջ նա խոստացել է Ուկրաինայում հզոր բանակ ստեղծել, վերադարձնել Ղրիմը և քաղաքականությունից հեռացնել օլիգարխներին: Դրանից առաջ գաղտնազերծվել է Տիմոշենկոյի հեռախոսազրույցը Գերագույն Ռադայի պատգամավոր Նեստոր Շուֆրիչի հետ, որտեղ խոսքը գնացել է «կացապներին վերացնելու» և «Ռուսաստանից նույնիսկ այրված դաշտ» չթողնելու մասին:
Տիմոշենկոյի համար գալիք ընտրությունները 2010 թվականի Յանուկովիչին տարած պարտությունից հետո ռեանշ վերցնելու հնարավորություն է: Այն ժամանակ Տիմոշենկոն տանուլ տվեց ձայների մեծ տարբերությամբ, որից հետո փորձեց պայքարել նոր իշխանությունների դեմ, սակայն արդյունքում հայտնվեց բանտում: Ուկրաինայում տեղի ունեցած «հեղափոխությունը» ոչ միայն թույլ տվեց Տիմոշենկոյին ազատ արձակվել բանտարկությունից մի քանի տարի անց, այլ նաև նրան իշխանության վերադառնալու հնարավորություն ընձեռեց:
Փաստացի նա արդեն զբաղեցնում է կուսակցության առաջնորդի պաշտոնը, որի ներկայացուցիչները բարձրագույն պետական պաշտոններ են զբաղեցնում՝ Տիմոշենկոյի տեղակալ Ալեքսանդր Տուրչինովը գլխավորում է Գերագույն Ռադան և նախագահի պարտականություններն է կատարում, իսկ «Բատկիվշչինա»-ի քաղխորհրդի ղեկավար Արսենի Յացենյուկը կառավարությունն է ղեկավարում, նրա զինակից Արսեն Ավակովը Ներքին գործերի նախարարն է:
Ճիշտ է՝ դժվար է ասել, թե որքան երկար նրանք կիշխեն՝ հաշվի առնելով այն բարդ իրավիճակը, որը ստեղծվել է երկրում «հեղափոխությունից» հետո՝ Ղրիմի կորուստը, տնտեսությունը փրկելու ոչ արդյունավետ միջոցները և ՆԳ-ի կոնֆլիկտը « Պրավի սեկտոր»-ի ծայրահեղականների հետ:
Խնդիրը նաև Տիմոշենկոյի մեջ է, ով վերջին տարիների ընթացքում, ըստ սոցիոլոգների, զգալիորեն կորցրել է իր վարկանիշը: Մի կողմից, ինչպես նշում է իրավիաճկների մոդելավորման Ուկրաինական գործակալության տնօրեն Վիտալի Բալան, նա դեռևս հանդիսանում է ուկրաինական քաղաքականության «ծանրամարտիկներից» մեկը և «բարձարագույն լիգայի ներկայացուցիչ»: Սակայն, մյուս կողմից, վերջերս հրապարակված վարկանիշները վկայում են այն մասին, որ նա այլևս այնքան ցանկալի չէ, ինչպես նախկինում:
Այսպիսով, ըստ Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի ուսումնասիրությունների, նախագահի հավանական թեկնածուների շարքում առաջին հորիզոնականն է գրավում գործարար Պյոտր Պորոշենկոն, ում վարկանիշը մարտի սկզբին կազմում էր մոտ 20 տոկոս, երկրորդ տեղում է գտնվում Վիտալի Կլիչկոն, ով հավաքել է մոտ 12 տոկոս, իսկ Տիմոշենկոն այդ վարկանիշում զբաղեցնում է միայն երրորդ տեղը 9 տոկոսով: