Բավ է պառակտվել
16-09-2019 15:22

ԱԱԾ-ի ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել

«»
Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել: Այս մասին Վանաձորում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան միջնորդագիրը:
Շատ չանցած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագիրը:
Իր խոսքում Փաշինյանը նշեց, որ դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների ընթացքում և փոխադարձ համաձայնությամբ։
«Մի քանի սցենարներ ենք քննարկել», - հայտարարեց Փաշինյանը։
Անմիջապես հրապարակվեց նաև ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որի տողատակերից պարզ է դառնում, որ բաժանումը այնքան էլ հարթ չի անցել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,
Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։
Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:
Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:
Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։
Պատիվ ունեմ», - ասված է Վանեցյանի հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսում է իր որոշման հիմնավորված լինելու մասին՝ նշելով. «Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը»: Սակայն ԱԱԾ պետը, որը համաձայն տարբեր սոցհարցումների արդյունքների, հանրության շրջանում իր հեղինակությամբ այժմ չորրորդ տեղում է, չի պարզաբանում տվյալ միտքը:
Ի դեպ, անցած շաբաթ մամուլը գրեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի պահանջ է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին: Ավելի ուշ ԱԱԾ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մեկ շաբաթ անց, սակայն, հրաժարականն այնուամենայնիվ եղավ:
Ժամանակը ցույց կտա՝ այս հրաժարականը մեծ քաղաքականություն մտնելու հայտ է, թե ոչ: Քչերն են կասկածում, որ Վանեցյանը կհեռանա՝ հաշվի առնելով նրա բարձր վարկանիշը:

 

Արմինե Գևորգյան