Բավ է պառակտվել
18-12-2015 13:51

Վրաստան-ՌԴ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը օրակարգում չէ

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը ձգտում է Ռուսաստանի հետ հարաբերությունները դուրս բերել խոր փակուղուց, սակայն երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը օրակարգում չէ։
Սրանից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի նախաձեռնել Վրաստանի հետ հարաբերությունների փլուզումը, սակայն պատրաստ է վերականգնել դրանք։ Պուտինը նաև հայտարարել էր, որ իրենք պատրաստ են վերացնել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Դրա հետ կապված՝ Աբաշիձեն հայտարարել է. «Մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները հանել խոր փակուղուց, և իսկապես կան ոչ մեծ արդյունքներ։ Այդ պատճառով էլ մենք պետք է համերաշխ, հանգիստ և միևնույն ժամանակ սկզբունքային աշխատենք մեր արտաքին կուրսի վրա։
Հուսով եմ, որ եկող տարում կունենանք էլ ավելի լավ արդյունքներ։ Ներկայումս օրակարգում չէ դիվանագիտական հարաբերությունների հարցը, և մեր գործընկերները գիտեն, թե ինչու։ Դա կապված է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարցի հետ։ Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը կարելի է դիտարկել միայն այն բանից հետո, երբ կարևոր քայլեր կարվեն դեպի առաջ»,- ասել է նա։