Բավ է պառակտվել
18-09-2018 13:35

Անհեթեթ է ենթադրել, որ “Լույսը” համագործակցում է նախկին ռեժիմի հետ․ Արամ Սարգսյան (Տեսանյութ)

 

“Ամպի չափ“ երևակայություն է պետք ունենալ մտածելու համար, որ “Լույս” դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ, որպեսզի օգնի նրանց նորից իշխանության գալ։ Չգիտեմ, ո՞ր ժանրից է, բայց անհեթեթ է մեզ կապել դրա հետ։ Խնդիրը նրանում է, հարգելի՛ վարչապետ, որ Դուք տեսակետ եք արտահայտում, որով մեղադրում եք բոլորին։ Եվ երբ մենք չենք արձագանքում, լռում ենք, ոչինչ չենք պատասխանում այդ մեղադրանքներին, ժողովրդական ասացվածքով ստացվում է, որ “լռությունը համաձայնության նշան է”, իսկ երբ արտահայտվում ենք՝ վրդովվում եք, թե ինչու՞ ենք դա մեզ հասցեագրում։ Հիմա ի՞նչ անենք։”
Այս մասին նախօրեին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Երևանի Էրեբունի համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ, “Լույս” դաշինքի կողմնակից Արամ Սարգսյանը։

Երևանի քաղաքպետի ընտրություններին “Լույս” դաշինքի առաջադրած թեկնածուն Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։ Նա, ինչպես և Արամ Սարգսյանը, ներկայացնում են խորհրդարանական խմբակցություն ունեցող “Ելք” դաշինքը, որի կազմում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության անդամները։
Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, սակայն, ավագանու ընտրություններին մասնակցում են “Իմ քայլը” դաշինքով, որի կազմում են այն ուժերի ներկայացուցիչները, ովքեր ընթացիկ տարվա ապրիլ, մայիս ամիսներին ակտիվորեն մասնակցել են երկրում իշխանափոխության հանգեցրած հակակառավարական հանրահավաքներին։

“Ես խորապես համոզված եմ (դիմում եմ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին), որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, որ մեր ժողովուրդն ինքն իր դեմ պայքարել չի ուզում, հոգնել է ինքն իր դեմ պայքարելուց։ Բավական է խոսել հակահեղափոխությանը ասֆալտին փռելու, վռնդելու, քաղաքական դիակների և այլն մասին։ Չկա նման բան, այս ընտրարշավում չկա այն ուժը, որի դեմ պետք է պայքարել։ Այստեղ ներկայացված բոլոր ուժերը պայքարել են նախկին իշխանության դեմ, իսկ նախկինում իշխող Հանրապետական կուսակցությունը թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ սևերի ու սպիտակների մասին է խոսքը”, - ասել է “Հանրապետություն” կուսակցության առաջնորդը։