Բավ է պառակտվել
07-02-2020 20:23

Ադրբեջանը կարող է հանդիպումներ ունենալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո՝ զուգահեռաբար փնտրելով բարենպաստ պահ նոր ռազմական օպերացիայի համար. Եվսեև

«Հայկական կողմը չպետք է թուլացնի զգոնությունը, քանի որ կա ռազմական ագրեսիայի վտանգ ԼՂ հակամարտության գոտում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, մասնավորապես՝ օրերս Ժնևում կայացած Մնացականյան-Մամեդյարով երկօրյա հանդիպմանը:

Վլադիմիր Եվսեևը չի ցանկանում գերագնահատել այդ հանդիպման արդյունքները՝ նշելով, թե դա հերթական հանդիպումն էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, և նախկինում էլ նման բազում հանդիպումներ են անցկացվել՝ և՛ նախարարների, և՛ երկրների ղեկավարների միջև, տարբեր փաթեթներ են քննարկվել: Ըստ նրա՝ այս անգամ որոշ տեխնիկական խնդիրների պատճառով այն երկարաձգվել է՝ դառնալով ավելի հեռուն գնացող վերլուծություններ անելու պատճառ: Այնինչ, Եվսեևի դիտարկմամբ՝ կողմերը կարող են նաև սկզբունքներ ու տարրեր քննարկել՝ ամենևին չունենալով զիջումների ճանապարհով գնալու քաղաքական կամք:

Ըստ Եվսեևի, հանդիպումը, ըստ ամենայնի, տևել է շատ ավելի երկար, քանի որ կողմերը քննարկում են որոշ հումանիտար պրոյեկտներ իրականացնելու մանրամասները, դրանց ձևաչափերը, որոնց մասին մամուլում հրապարակումներ են արվում շուրջ 2 ամիս:

Նա նշեց, որ այդ հրապարակումներից որոշակիորեն պարզ է դառնում, որ հերթական փոխայց է նախապատրաստվում, բարձր մակարդակի այլ հանդիպումներ, քննարկվում են հակամարտող երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք կարող են բավական ժամանակ խլել:

«Ես կարգավորմանը միտված գործընթաց չեմ պատկերացնում, կողմերը կարող են երկար քննարկումներ ունենալ, բայց այս պահին ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը կհրաժարվի ինչ-որ բանից կարգավորման գործընթացում, այսինքն՝ չի զիջի այն սկզբունքը, որին աջակցում է, իսկ զիջումները քաղաքական կարգավորման դեպքում անխուսափելի են այս հակամարտության դեպքում: Այն բոլոր հնարավորությունները, որոնց համաձայն՝ հակամարտությունը կարող էր կարգավորվել, քննարկվել են կողմերի միջև, կարգավորման փաթեթները միմյանցից տարբերվել են միմիայն մանրուքներով և կրկին այս կամ այն փուլում չեն ընդունվել կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանը կարող է փորձել քննարկել մարդասիրական ծրագրեր, ժամանակավորապես չսրել իրավիճակը հակամարտության գոտում՝ զուգահեռաբար փնտրելով բարենպաստ ժամանակահատված նոր ռազմական օպերացիայի համար: Ես կարծում եմ՝ սա՛ է էականը: Ադրբեջանն անընդհատ հետևում է այն քաղաքական զարգացումներին, որոնք տեղի են ունենում հակառակորդ երկրներում: Հերթական գործընթացը, որին հետևելու է՝ լինելու են Ղարաբաղում սպասվելիք ընտրությունները:

Ավելի վաղ ևս նշել եմ, որ կարևոր է, որպեսզի դրանք տեղի ունենան առանց ցնցումների ու ունենան հասարակության հավանությունը: Ադրբեջանը ցանկացած ապակայունացումից կփորձի օգտվել. հիշեցնեմ, որ չկան այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս սկսել նման օպերացիա, կամ բացառում են նույնիսկ պատահական բռնկումը, իսկ դա բացառելու համար հարկավոր էր հեռացնել ծանր սպառազինությունը, ավելացնել դիտորդների թիվը, տեղակայել վերահսկողական մեխանիզմներ, թեև հայկական կողմն ունի որոշ տեսանկարահանող սարքեր: Հարկ եմ համարում նշել, որ նման ագրեսիայի չիրականացման համար կարևոր գործոն է կողմերի միջև ուժային հավասարակշռությունը, որն ապրիլյան պատերազմից հետո վերականգնվում է»,- ասաց Եվսեևը՝ հավելելով, որ դա լիովին չի բացառում նման օպերացիայի իրականացման հնարավորությունը:

«Ուստի ես կարծում եմ՝ կողմերն օգտագործում են բանակցային հարթակը որոշակի գործընթացներ ուղղորդելու, վերահսկելու նպատակով, սակայն դեռ առանցքային փոփոխություն բանակցային սեղանին տեղի չի ունենում»,- ասաց նա: