Բավ է պառակտվել
25-09-2015 11:38

Ադրբեջանը լարվածություն է ստեղծում Տավուշում, որ ուժերի կենտրոնացումը չլինի ԼՂՀ-ում. Ս. Սաֆարյան

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը պատասխանելով Gisher News-ի թղթակցի դիտարկմանը, որ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ պնդում են, թե ՀԱՊԿ-ը չի կարող արձագանքել, քանի դեռ չի եղել ռազմական ներխուժում երկրի տարածք: Արդյո՞ք Հավաքական անվտանգության պայմանագի՞րն է սխալ մեկնաբանվում, թե՞ փաստաթղթում շտկումներ կատարելու անհրաժեշտություն կա, ասաց. «ՀԱՊԿ-ի ձևակերպումները ամենևին օդից վերցված չեն, դրանք միջազգային իրավունքի շրջանակնորում արդեն տասնամյակներով գործող ձևակերպումներ են: Այն առանձնապես չի տարբերվում նմանօրինակ Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի համապատասխան հոդվածից՝ կոլեկտիվ պաշտպանության հոդվածից: Տվյալ պարագայում խոսքը ամենևին չի վերաբերվում Հայաստանի կամ ընդհանրապես երկրի տարածք ներխուժելուն: Անվտանգության խնդիրը, կամ ընդհանրապես հարձակման ենթարկվելու խնդիրը գալիս է սահմաններից: Բավական է մեկ կրակոց քո երկրի սահմաններին, որպեսզի դա տեղավորվի պայմանագրի այդ կետում»:

Բանախոսը նկատեց, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում վերջին տարիներին նույնիսկ կիբեր տարածության նկատմամբ տոտալ հարձակման դեպքում են քննարկում 5-րդ հոդվածը կիրառելու խնդիրը: Եթե ժամանակակից աշխարհում հավաքական անվտանգությունն այդպես են մեկնաբանում, սա հո միջնադա՞րը չի, մեր թվարկությունից առա՞ջ չի, որ մեր գործող իշխանության ներկայացուցիչներն այդպես ներկայացնեն և ասեն, որ անպայման պետք է թուրք զինվորներին նկարենք ՀՀ տարածքում, նոր ՀԱՊԿ-ը արձագանքի: «Իսկ ո՞վ է ասել, որ Ադրբեջանը ներխուժելու է ՀՀ: Ո՞վ է ասել, որ Ադրբեջանի ռազմավարության մեջ մտնում է ՀՀ ներխուժելը: Մի գուցե Ադրբեջանի ռազմավարության մեջ մտնում է Տավուշում լուրջ իրավիճակ ստեղծել, որպեսզի ուժերի մոբիլիզացիան չլինի Ղարաբաղում: Չէ որ այս պարագայում պետությունը ստիպված է զգալի ուժեր տեղափոխել՝ սահմանի այս հատվածը պաշտպանելու համար: Հետևաբար, եթե Ադրբեջանի նպատակը սա է, ուրեմն հավաքական անվտանգության կազմակերպությունը չի՞ գործելու»,- ասաց քաղաքագետը և եզրափակեց, որ.« Ամենայն հավանականությամբ Հայաստան ներխուժում չի լինի»:

Մարինե Բարսեղյան