Բավ է պառակտվել
22-11-2021 12:01

Բողոքի ակցիա Երևանում․ մասնակիցները փակում են փողոցները և պահանջներ ներկայացնում Հայաստանի իշխանություններին (տեսանյութ)

Երկուշաբթի առավոտյան բողոքի ակցիաների պատճառով կանգնել էր Երևանի մի քանի փողոցների և պողոտաների, այդ թվում՝ Մյասնիկյան պողոտայի, Վազգեն Սարգսյան փողոցի, Հաղթանակի կամուրջի մոտ՝ Արգիշտի փողոցի երթևեկությունը։

Երթևեկն արգելափակվել էր 44 րոպեով՝ 2020 թվականի աշնանը (սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը) Արցախում պատերազմի օրերի քանակով։

Ակտիվիստները բարձրախոսներով բարձրաձայնել են Հայաստանի իշխանություններին ներկայացվող իրենց պահանջները , այդ թվում՝ չստորագրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման փաստաթղթերը, չհամաձայնել հակառակորդի (Ադրբեջան և Թուրքիա - խմբ.) Հայաստանի հարավով տրանսպորտային միջանցքներ տրամադրելու պահանջին։ Մասնակիցների ձեռքին «Ոտքի կանգնի», «Միացում» (Հայաստանի միավորում Արցախի հետ՝ խմբ.) գրառմամբ պաստառներ կային:

Քաղաքացիներին կոչ է արվել միանալ «Ազատագրական շարժմանը», ինչի կապակցությամբ այսօր՝ ժամը 17.00-ին, հավաք է հայտարարվում Հանրապետության հրապարակում։

Ակցիա վայր էին բերվել ոստիկանության ստորաբաժանումներ, տեղի են ունեցել թեթև բախումներ, բերման է ենթարկվել մի քանի քաղաքացի։

Նախօրեին հասարակական գործիչ Կարին Տոնոյանի գլխավորած «5165» շարժումը հայտարարություն էր տարածել՝ Հայաստանի վարչապետից պահանջելով ներկայացնել փաստաթղթի բովանդակությունը, որը նախատեսվում է ստորագրել Ադրբեջանի հետ։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթ, որի բովանդակությունը գաղտնի է պահվում: Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության հետ կապված հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով՝ համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման։

Համաձայն որոշման՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը (ԼՂ) նշված կլինի Ադրբեջանի կազմում։

«Ելնելով նշվածից՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից՝ ներկայացնել իր նշած փաստաթղթի բովանդակությունը: Պահանջում ենք ՀՀ Ազգային Ժողովից և ՀՀ նախագահից իրենց իրավասությունների սահմաններում բարձրացնել այս հարցը»,- հայտարարում են հեղինակները:

Շարժումը նախատեսում է նոյեմբերի 22-ին, ժամը 14։00-ին բողոքի ակցիա իրականացնել Հայաստանի կառավարության շենքի մոտ և ներկայացնել իրենց պահանջները։