Բավ է պառակտվել
17-01-2020 14:25

Ալեն Սիմոնյանը Վանեցյանի մասին

«Ես այդ խոսակցություններին որեւիցե կերպ չեմ վերաբերվում, դա ինձ չի հետաքրքրում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, ՔՊ գրասենյակում կայացած «Իմ քայլը» խմբակցության եւ վարչապետն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է այն վերաբերվում տեղեկություններին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի կնոջ եւ դստեր նկատմամբ:
«Կարծում եմ՝ նման հարցերը օրակարգ բերելը այն պարզ պատճառով է, որ այսօր որևիցե մեծ, հիմնական խնդիր, որը կարող է մեր քաղաքացիներին... ուզում եմ ասել՝ ուրիշ թեմա չկար խոսելու», - ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք,որ «Հայկական ժամանակ»-ը հունվարի 12-ին հոդված էր հրապարակել՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից:
Իսկ Մարիամ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ Վանեցյանների հետ բավականին կարճ ժամանակում հասցրել էր ընկերանալ և «ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ»:
Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ այդ հակաքարոզչության հետ կապված իրավապահներն անելիք ունեն։
Հարցին, թե հավատալո՞ւ է, որ Արթուր Վանեցյանը Միքայել Մինասյանի հետ կարող էր համագործակցել, որպեսզի պետական հեղաշրջում իրականացնի, նա ասաց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել: Դիտարկմանը, որ մի կողմում իր թիմն է, մյուս կողմում իր ընկեր Վանեցյանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իմ թիմը Հայաստանի Հանրապետությունն է, իմ թիմը «Քաղաքացիական պայմանագիրն» է»:

 

 

Արմինե Գևորգյան